Առողջապահության նախարար. Հայաստանում շուրջ 6000 մարդ արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել


20:14 , 5 մայիս, 2021

Հայաստանում շուրջ 6000 մարդ արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ինչպես նշեց Ավանեսյանը, առողջապահության նախարարությունը դժգոհ է այս ցուցանիշներից եւ ամեն ինչ անում է բնակչության պատվաստումների տեմպերը արագացնելու համար:

«Պատվաստված մոտավորապես վեց հազարից առայժմ ոչ ոք չի ունեցել որեւէ բարդություն կամ կողմնակի ազդեցություն»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ պոլիկլինիկաների աշխատակիցները պարբերաբար կապվում են պատվաստվածների հետ եւ հետաքրքրվում իրենց ինքնազգացողությամբ:

Ավանեսյանը նաեւ հայտնեց, որ մայիսի 5-ից Երեւանում գործում են պատվաստումների շարժական երկու կետեր, մեկը՝ Հյուսիսային պողոտայում, երկրորդը շրջում է խոշոր առեւտրի կենտրոններով, եւ ցանկացողները կարող են այնտեղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ: