22:11 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցը պետք է դիտարկել երկկողմ հարաբերությունների կոնտեքստում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն՝ անդրադառնալով Ադրբեջան Պուտինի այցին:
Մասնավորապես, խոսելով մեկնաբանություններից, թե ՌԴ նախագահի այցն Ադրբեջան ցուցադրական տրիումֆ էր՝ նա նկատեց, որ մի քանի տարի առաջ համարյա թե նույն ժամանակահատվածում Ադրբեջան էր այցելել Դմիտրի Մեդվեդևը, և այդ ժամանակ էլ խոսում էին տրիումֆի և ադրբեջանական կողմ Ռուսաստանի շրջվելու մասին: Բայց, Մարկեդոնովի որակմամբ, դրանք գեղեցիկ, ամսագրային արտահայտություններ են, որոնց ետևում իմաստ չկա: Ըստ նրա՝ կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, և անհրաժեշտ է քննարկել՝ ինչ պայմաններում այն կայացավ:
«Այն կայացավ ռուս-ադրբեջանական բավականին սառեցված հարաբերությունների պայմաններում։ Պարզից էլ պարզ է, որ այդ հարաբերությունները քանոնով գծված չեն: Դրա վառ ապացույցն այն է, որ անցյալ տարի ՌԴ-ին չհաջողվեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցում հասնել շահավետ համաձայնության Ադրբեջանի հետ, հետո Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի միջոցով նավթի փոխադրման խնդիրներ առաջացան, եղան խնդիրներ լեզգիական հարցի հետ կապված, խտրականության հարցեր առաջ եկան, ես հիշում եմ այլ լարված դեպքեր ևս: Այս լարվածությունը պետք էր մեղմել, քանի որ Ադրբեջանը ՌԴ-ի հարևանն է Կասպից ծովից, ցամաքային հարևանն է Տաջիկստանի կողմից, պետք է նաև հաշվի առնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այնպիսին չեն, ինչպիսին Վրաստանի հետ հարաբերություններն են, ուստի այցը նպատակ ուներ կոտրել ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած սառնությունը: Համարել, որ Պուտինը մեջքով է շրջվել Հայաստանին, սխալ է, քանի որ ինքն Ադրբեջանը ներգրավված է շատ ծրագրերում՝ և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ, ու որևէ տեղ Ադրբեջանը չի փախչելու, ավելին՝ ՌԴ-ն Ադրբեջանի առջև չի կարող դնել ընտրության հարց, այդ հարցն Ադրբեջանի դեպքում անգամ ակտուալ չէ»,- մեկնաբանեց Մարկեդոնովը՝ հավելելով, որ չպետք է մոռանալ նաև Ադրբեջանի հետաքրքրությունները և այն, որ Պուտինի այցն Ադրբեջան հավելյալ աջակցություն է Իլհամ Ալևին՝ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:
Մարկեդոնովը նկատեց, որ Արևմուտքը վերապահումով է վերաբերվում Իլհամ Ալիևին, որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու, քանի որ նրա նախագահության երրորդ ժամկետն է, իսկ ՌԴ-ին ձեռնտու է Իլհամ Ալիևի նախագահության շարունակությունը:
Ռուս փորձագետի որակմամբ՝ այցը ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական վերելքն է՝ անկումից հետո:
Անդրադառնալով ՌԴ պատվիրակության բավականին ներկայացուցչական կազմին՝ մեր զրուցակիցն ասաց, որ առաջին անգամ չէ, որ ՌԴ պետական այրերն Ադրբեջան են այցելում ներկայացուցչական պատվիրակությամբ: Նրա հիշեցմամբ՝ նման պատվիրակությամբ 2010 թ. Դմիտրի Մեդվեդևն այցելեց Ադրբեջան, իսկ դեռևս 2005 թ. Իվանովը Բաքվում հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ խաղաղարարական գործողություններում՝ ԼՂ հարցում: «Փորձագետների ու լրագրողների խնդիրն այն է, որ չեն հետևում հարաբերությունների դինամիկային, չեն հիշում, թե ինչ է եղել երեք, չորս, հինգ, յոթ տարի առաջ: Չէ՞ որ սա գործընթաց է: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակվում են որոշակի ցատկերով, նրանք մեկ ընկնում են ներքև, մեկ վերելք են ապրում: Ի՞նչ պետք աներ Պուտինը, վերջնականապես խզե՞ր կապերն Ադրբեջանի հետ, պատերա՞զմ հայտարարեր Ադրբեջանին, ի՞նչ իմաստ կա դրանում: Ռուսաստանը պահում է իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, կան առևտրային, տնտեսական հարաբերություններ, կա ցամաքային սահման, սա պետք է հաշվի առնել»,- ասաց վերլուծաբանը:
Հարցին, թե սա որևէ կերպ չպե՞տք է արդյոք ընկալվի որպես ճնշում ՌԴ-ի կողմից՝ ուղղված Հայաստանին, Մարկեդոնովը պատասխանեց, որ որոշակի առումով ճնշում է: «Չի բացառվում, որ գործածվում է հոգեբանական ճնշման որոշակի էլեմենտ, բայց դա միակ գործոնը չէ: Եթե նույնիսկ նման ճնշում կա, և եթե նույնիսկ ՌԴ-ն ընտրում է Ադրբեջանին, որին ես չեմ հավատում լիովին, Ադրբեջանը չի ընտրի ՌԴ-ին։ Կան շատ տարբեր գործոններ, որոնք հաշվի են առնվում: ՌԴ-ն Ադրբեջանից ակնկալում է չվերածվել Վրաստանի, ակնկալում է հավասարակշռված քաղաքականություն, կառուցողական, պրագմատիկ: Ես կարծում եմ, որ կա երկկողմ տնտեսական հետաքրքրություն։ Բնականաբար, եթե սա կա, ուրեմն շահավետ է պահպանել կառուցողական հարաբերություններ, որպեսզի երկրորդ Վրաստան տեղի չունենա, եթե պարզ խոսենք»,- պարզաբանեց փորձագետը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած մեծ պատվիրակությունը, բաղկացած վեց նախարարներից և տասնյակ տարբեր աստիճանի այլ պաշտոնյաներից, ժամանեց Բաքու՝ մի շարք ոլորտներում Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և համաձայնագրեր ստորագրելու նպատակով: