21:54 , 13 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ Հանրապետության հրապարակի թմբուկը կառուցելու նախագիծը, որն արտաքինից նմանեցված է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծին, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը բիզնես նախագիծ է համարում, ինչը, ըստ նրա, Թամանյանի նպատակների հետ կապ չունի:
«Թամանյանի անվան տակ ինքը բիզնես ծրագիր է իրագործում, ինքը դրա փոխարեն մեկ ուրիշին հողամաս է տալիս, ինչպես արեց ԱԳՆ-ի շենքի հետ»,- Tert.am-ի հետ զրուցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ այն, որ Նարեկ Սարգսյանն այդպես էլ չհրաժարվեց թմբուկը կառուցելու նախագծից, շատ հավանական է, որ տանում է դրա կառուցմանը:
«Իմ տեսակետը բացասական է, ես չեմ կարծում, որ այդ թմբուկը պետք է կառուցվի այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, ինքն այդ թմբուկը սարքում է բոլորովին այլ նպատակի համար, Ալեքսանդր Թամանյանն այդ թմբուկն անում էր բոլորովին այլ նպատակով, այսօր Թամանյանի այդ նպատակները չկան»,- ասաց Սաշուր Քալաշյանը։
Ճարտարապետը նշեց, որ Թամանյանի ժամանակ Երևանը 5 հարկանի չէր, 3 հարկանի քաղաք էր, և այդ թմբուկը ամբողջ քաղաքի համար մի հսկայական կառույց էր, դոմինանտ կլիներ այնպես, ինչպես Օպերայի և բալետի ազգային ակատեմիական թատրոնի շենքը, իսկ այսօր այդ թմբուկը կլինի կրպակ։
«Հիմա իրեն դա չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում է մի ինչ-որ բիզնես շահ ունենա դրա մեջ, փող աշխատի դրա մեջ, ես ուրիշ պատճառաբանություն չեմ տեսնում, ինքը դա ուզում է սարքել դրա համար, ոչ Թամանյանի նախագծով, Թամանյանն այդպիսի նախագիծ չի գծել, մինչդեռ Նարեկ Սարգսյանը մեջբերում է, թե Թամանյանի արխիվում կա այդ նախագիծը, բայց այդ թմբուկն ընդամենը մի հատ մեծ եկեղեցու նման սրահ է հավաքույթներ անցկացնելու համար, իսկ Նարեկ Սարգսյանի նախագծով դա 13 հարկանի շենք է լինելու»,– ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ