18:59 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր հավաքվել էին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ խնդրանքով, որ իրենց որդուն գերությունից վերադարձնելու համար կատարեն բոլոր անհրաժեշտ քայլերը:
Գևորգ Ինջիղուլյանի ծնողները և հարազատներից մի քանիսը հանդիպեցին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ: Զրույցին ներկա Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը, լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց խոստացել են անել ամեն հնարավորը, որպեսզի Գևորգ Ինջիղուլյանին հանձնեն հայկական կողմին:
Ներսում քննարկվել է նաև ադրբեջանական հեռուստաընկերությանը տված Հակոբ Ինջիղուլյանի հարցազրույցի մասին: Կարմիր Խաչի ներկայացուցիչները փաստել են, որ դա Ադրբեջանի կողմից կոպիտ խախտում է, և այս պետությունը անպայման ենթարկվելու է պատասխանատվության:
Արման Ինջիղուլյանը տեղեկացրեց նաև, որ իրենք դիմելու են հնարավոր ամեն տեղ, որպեսզի վերադարձնեն իրենց հարազատին: Նրանք արդեն դիմել են «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանին, որը խոստացել է նամակով անձամբ դիմել ԿԽՄԿ-ի կենտրոնական գրասենյակին:
Խոսելով ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին՝ Գևորգի մայրը՝ տիկին Գայանեն, ասաց, որ որդին իրեն անհանգիստ էր պահում, լարված էր, և դա նրան բնորոշ չէր: Չկար նաև նրա ակնոցը, որը շատ անհրաժեշտ է Հակոբին:
Այնուամենայնիվ, Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հուսով են, որ իրենց որդին ողջ-առողջ կվերադառնա: Նրանք նաև բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջնորդել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան կատարելիք իր այցի ընթացքում խոսի հայ ռազմագերուն վերադարձնելու մասին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանական կողմը նրան գերի է վերցրել: