Ռուսաստանը դեռ ցանկանում է պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանում. Ռիչարդ Կիրակոսյան


18:52 , 13 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցին, նկատում է, որ այն Հայաստանի համար ի ցույց է դնում հայ-ռուսական հարաբերությունների սահմանափակումները: Սակայն նա այն կարծիքին չէ, որ Ռուսաստանը շարունակելու է տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն ու հավասարակշռությունը: Քաղաքագետը նաև վստահ է, որ Հայաստանն անպայման նախաստորագրելու է Վիլնյուսում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ինչի համար, ըստ նրա, Ռուսաստանը Հայաստանին չի «պատժի»:

 - Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, և մասնավորապես, հարցադրումները հետևյալն են, թե ինչո՞ւ նա ընտրվելուց հետո առաջին անգամ այցելեց ոչ թե իր ռազմավարական գործընկեր Հայաստան, այլ Ադրբեջան:

 - Մի կողմից կարող եմ նշել, որ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան այնքան էլ մեծ անակնկալ չէ: Դա հետևում է մի քանի տարիների ադրբեջանա-ռուսական հարաբերությունների լավացման գործընթացին, ինչն ի ցույց է դրվում այն փաստով, որ ներկայումս Ռուսաստանը հանդես է գալիս որպես զինամթերքի՝ Ադրբեջանի համար թիվ մեկ մատակարար: Իսկ Հայաստանի համար սա ի ցույց է դնում հայ-ռուսական հարաբերությունների սահմանափակումները:

 - Արդյոք այդ սահմանափակումներն այն աստիճան են, որ այլևս կարելի՞ է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները դադարում են ռազմավարական լինելուց և հակառակը՝ ադրբեջանա-ռուսականները դառնում են այդպիսին:

 - Ո՛չ, և հիմա կբացատրեմ, թե ինչու: Ռուսաստանը մշտապես փորձում է հաստատել հավասարակշռություն և պահպանել ստատուս քվոն տարածաշրջանում: Եվ Հայաստան-Ռուսաստան ռազմական անվտանգությանն ուղղված հարաբերությունները դեռևս շարունակում են շատ սերտ ու շատ լավը մնալ: Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական մերձեցմանը, այն շատ բնական է, և այն ավելի շատ բխում է Ռուսաստանի շահերից. Ռուսաստանը ներկայումս հանդես է գալիս քայլերով, որոնք բխում են իր շահերից, որոնք, սակայն չեն համապատասխանում Հայաստանի շահերին: Բայց Հայաստանն ունի հաստատված հավասարակշռություն բոլոր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, ռազմական անվտանգություն, և այդ հավասարակշռությունը արտահայտվում է վարվող կոմպլեմենտար քաղաքականությամբ:

 - Նշեցիք, որ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանի համար թիվ մեկ մատակարարը՝ զինտեխնիայի ձեռքբերման հարցում: Ձեր գործընկեր Ալեքսանդր ԻսկանդարյանըTert.am–ի հետ հարցազրույցում ասել է, որ սա նոր չէ, քանի որ ՌԴ-ն անկախության առաջին իսկ տարիներից զենք է վաճառել Ադրբեջանին:


- Համակարծիք եմ Իսկանդարյանի հետ: Պատճառը, որ Ռուսաստանը ներկայումս հանդես է գալիս որպես զենքի՝ Ադրբեջանի համար մեկ մատակարար, ոչ միայն պայմանավորված է Ռուսաստանի քաղաքական կուրսով, այլև նրանով, որ Ադրբեջանն է այդպես որոշել: Սակայն Հայաստանը ևս Ռուսաստանից դեռ ստանում է ցածր գներով որակյալ զինամթերք: Այսինքն՝ Ռուսաստանը դեռևս ցանկանում է պահպանել հավասարակշռությունը:

 - Կցանկանա՞ Ռուսաստանը պահպանել այն, երբ մոտենա ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման պահը և Հայաստանը այն նախաստորագրի՞:

 - Այո՛, ժամանակահատվածը, որն ընտրված է ՌԴ նախագահի այցի համար, իրականում կարևոր է, քանի որ դրանով ավելի մեծացվեց Հայաստանի վրա ճնշումը: Սակայն նույնիսկ այս ճնշումը շատ ուշացած է և այն ուղղված չէ Հայաստանի դեմ. ՌԴ-ն իր համար որևէ վտանգ չի տեսնում, որ կկորցնի Հայաստանը: Իսկ Հայաստանի համար կա մեկ լավ լուր և դա այն է, որ հիմա հարաբերություններն ավելի հավասարակշռված կլինեն: Ռուսաստանն այնքան է արմատավորված, որ նման մտահոգության որևէ շարժառիթ չկա, որ կարող է կորցնել Հայաստանը՝ որպես վստահելի գործընկերոջ: Դա նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի համար շատ մեծ ռազմավարական կարևորություն ունի. Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի միակ վստահելի ռազմավարական գործընկերն է, միակ պետությունը, որը Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ է և միակ պետությունն է, որում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ: Եվ բացի այդ, Հայաստանը տարածաշրջանում ամենակայուն երկիրն է, քանի որ մեր երկրի բոլոր հարևանները գտնվում են որոշակի վայրիվերումների մեջ: Անկայունություն է տիրում Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ