18:09 , 13 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Քաղաքապետարանի մոտ արդեն 18-րդ օրը նստացույց անող մասնակիցները մինչ փորձում էին հովանոց տեղադրել, ՀՀ քաղաքացի Շողիկ Գեղամյանը խնդրում էր լրագրողներին և ակտիվիստներին համանման ակցիա անել Տրանսպորտի և կապի նախարարության մոտ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա պատմեց, որ դեռևս 2004-ին, երբ Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի թաղապետն էր, իրենից, իր իսկ խոսքով, գողացել է 23 հազար դոլար: «Մեր բակը վաճառել է՝ մեկ տուն և 415 քառակուսի մետր, արդեն ինը տարի է՝ անտուն ենք: Հիմա էստեղ եմ մնում: Մի բուն են տվել, որտեղ ո՛չ զուգարան կա, ո՛չ ջուր. որ գաք-մտնեք՝ կզարմանաք: Թերթը հավաքում եմ, տանում եմ, օգտվում: Չեք հասկանո՞ւմ, պարզ եմ ասում...»,- հուզվեց Շողիկ Գեղամյանը:
Նա պատմեց, որ ընտանիքը վեց հոգի է: Անցյալ տարի բնակարանի վարձը չեն կարողացել տալ, փոքր երեխաների հետ դրսում են հայտնվել: Բացի դրանից՝ տղան վատառողջ է:
Հյուսիսային պողոտայի՝ Լալայանց 29-ի երբեմնի բնակչուհին մեկ ամիս առաջ գնացել է Գագիկ Բեգլարյանի մոտ, ասել, որ նախագահն իրեն տուն է տվել, բայց այն դատարկ է, խնդրել է՝ մնացածն էլ նա կահավորի: «Չվիրավորեցի, հանգիստ ասացի՝ գոնե դուք բերեք, տեղադրեք, քանի որ դժբախտությանս պատճառը դու ես: Բայց այնպես հայհոյեց, նման հայհոյանք երբեք չեմ լսել: Մինչդեռ նախագահը գիտի ու պաշտպանում է նրան»,- ասաց կինը:
«Երկու շենք եմ տվել, 415 քառակուսի մետր հող, որից 120-ը երկու երեխաներիս բաժինն եմ ուզում: Գնացեք Գագիկ Բեգլարյանի վզից բռնեք, ամեն րոպե նախագահի մոտ է»,- ասաց կինը՝ հավելելով, որ նախագահը արձակուրդից վերադարձել է: Իսկ հարցին, թե՝ ի՞նչ գիտի, պատասխանեց, որ ամբողջ օրը նախագահականի մոտ է: