19:25 , 13 օգոստոս, 2013Ուշ գիշեր է: Տանը բոլորն արդեն խոր քուն են մտել, իսկ դուք ոչ մի կերպ չեք կարողանում քնել: Սա նշանակում է, որ դուք ձեր տեսակով բու եք, իսկ ձեր տնեցիները`արտույտ: Սա ոչ միայն ձեր հասարակական կյանքի, այլև առողջության վրա կարող է անդրադառնալ: Բոլոր դեպքերում, այսպես են պնդում գիտնականները:
Ցերեկային կամ գիշերային ժամերի նախընտրությունը հայտնի է իբրև քնի քրոնոտիպ: Այն ազդում է անձնավորության խառնվածքի վրա: Անցյալ ամիս հրատարակված մի հետազոտությունից պարզ է դարձել, որ բվերի շրջանում ավելի հաճախ են դիտարկվում բնավորության մութ գծեր, ինչպիսիք են նարցիսիզմը և խաբեբայությունը:
Սիդնեյի և Լիվերփուլի գիտնականները հարցումներ են անցկացրել ավելի քան 200 մարդկանց շրջանում: Հարցերը վերաբերել են նրանց խառնվածքին և քնելու հետ կապված սովորություններին: Նրանք պնդում են, որ բվերի էգոիզմը զարգացել է ժամանակի ընթացքում: Բվերին բնորոշ է խլել ուրիշների կողակցին, ինչը նրանք անում են խավարի մեջ: Ըստ Բժիշկ Թիմ Քվինելի` ձեր կենսաբանական ժամացույցն է որոշում` դուք կունենաք գիշերային, թե ցերեկային քրոնոտիպ: Այստեղ մեծ դեր են խաղում նաև գեները: Նա ասում է. «Ձեր ներքին ժամացույցն է կառավարում Ձեր օրգանիզմի ցանկացած ռեակցիայի, հորմոնի, գենի ակտիվացումը կամ պասիվացումը»:
Արտույտներն ավելի հոգնած են իրենց զգում
Կա մի գեն, որով էլ որոշվում է, թե արդյոք դուք բու եք, թե արտույտ: Այդ գենը կոչվում է Ժամանակահատված 3 (Period-3): Գիտնականները պարզել են, որ այս գենի երկու տեսակ կա` երկար տեսակը և կարճ տեսակը: Նրանք, ում մոտ հանդիպում է երկար տեսակը, արտույտներ են, իսկ ում մոտ կարժ տեսակն է, բվեր են:
Բժիշկ Սիմոն Արքերն ասում է. «Արտույտների մոտ քնկոտության զգացողությունը ավելի շուտ է նկատվում: Նրանք ավելի շուտ են հոգնում և ավելի վաղ են քնի պահանջ զգում»: Մեզանից յուրաքանչյուրը Ժամանակահատված 3 գենի երկու տեսակ է ժառանգում` մեկը մորից, մյուսն էլ հորից: Եթե մեր երկու ծնողից էլ մենք ժառանգում ենք այս գենի միևնույն տեսակը, օրինակ` երկու երկար կամ երկու կարճ գեն, մենք ծայրահեղ արտույտ կամ ծայրահեղ բու ենք լինում: Շատ մարդիկ ունեն այս գենի և՛ երկար, և՛ կարճ տեսակից: Այս մարդկանց բնորոշ են և՛ բվի, և՛ արտույտի հատկանիշները: Բժիշկն ասում է, որ ինքը նույնպես ունի և՛ կարճ, և՛ երկար գեն: Դրա շնորհիվ նա ամենից լավ աշխատում է առավոտյան, սակայն քանի որ ունի բվի հոգեբանություն, չի կարողանում առավոտյան նախաճաշել:
Բվերն ավելի քաղցած և ավելի գեր են
Պրոֆեսոր Ջիմ Հորնը ասում է, որ արտույտները նախաճաշում են արթնանալուց հետո կես ժամվա ընթացքում: Բվերն ավելի հաճախ են խռմփացնում, և նրանց մոտ քնի ընթացքում հաճախ նկատվում է ժամանակավոր շնչարգելություն: Շնչարգելությունը տևում է նվազագույնը տասը վայրկյան: Բվերի խնդիրն այն է, որ երեկոյան ուտելիքները այնքան սննդարար կարող են չլինել, որքան ցերեկային ուտելիքները: Նրանք ավելի շատ են քաղց զգում ու ավելի շատ են ուտում օրվա ընթացքում: Բվերի մոտ քիչ է լեպտին կոչվող հորմոնը: Այս հորմոնը ազդակներ է փոխանցում մեր ուղեղին, երբ մենք արդեն կուշտ ենք լինում: Այն մարդիկ, ում մոտ այս հորմոնը քիչ է, ուշ են կշտանում: Հենց այս պատճառով էլ բվերը գիրանում են: Գիրանալուն նպաստում է նաև ուշ ժամերին սնունդ ընդունելը:
Քաղցկեղի վտանգն ավելի շատ է սպառնում արտույտներին
Ըստ մի տեսության` պատճառը մելատոնին կոչվող հորմոնն է: Երբ մենք մթության մեջ ենք, այս հորմոնի ավելի մեծ չափաբաժին է արտազատվում, իսկ լույսի մեջ` ավելի քիչ:
Բժիշկ Արքերը նշում է, որ խառնվածքով արտույտները ավելի շատ են լույսի տակ լինում, այսպիսով նրանց մոտ մելատոնինի տոկոսը ավելի ցածր է: Ըստ որոշ պնդումների` մելատոնինը հակաթույնի հատկություն ունի և անգամ կարող է պաշտպանել քաղցկեղից:
Բվերի հիշողությունը կարող է ավելի թույլ լինել
Բժիշկ Քվինելն ասում է, որ քանի որ բվերն ավելի ուշ են քնում, նրանց քունը ժամանակից շուտ է ավարտվում: Քունը ունի հստակ էտապներ: Դրանցից մեկը երազ տեսնելու էտապն է: Քնի ընթացքում կարող է լինել երազ տեսնելու մոտ չորս էտապ: Սակայն քանի որ բվերն ուշ են քնում, նրանց մոտ հաճախ քունն ամբողջական չի լինում, ինչն էլ կարող է բացասաբար ազդել նրանց հիշողության վրա:
Բվերն ավելի զգայուն են ցավի նկատմամբ
Խորը քնի բացակայության հետևանքով բվերի դիմացկունությունն ընկնում է: Նրանք ավելի զգայուն են դառնում ցավի նկատմամբ:

Բվերն ավելի հաճախ են դեպրեսիաներ տանում
Ընդհանուր առմամբ, բվերն ավելի շատ են զվարճանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեկոյան կյանքով ապրող մարդիկ ավելի համարձակ են, ավելի շատ են զվարճանում և սիրում են սուր զգացողություններ: Արտույտներն ավելի լավ են վերահսկում իրենց էմոցիաները: Նրանք նաև ավելի հեշտ են համաձայնության գալիս տարբեր մարդկանց հետ: Նրանց վերլուծական մտածողությունն ավելի զարգացած է: Լիարժեք և խորը քնի բացակայության պատճառով բվերն ավելի են ենթակա դեպրեսիայի: Եթե քնի` երազ տեսնելու էտապը երկար ժամանակ բացակայում է, ապա մարդու մոտ կարող են անգամ հալյուցինացիաներ նկատվել, քանի որ ուղեղում «երազային էպիզոդներ» են սկսվում արթուն ժամանակ:
Բվերի կյանքն ավելի հետաքրքիր է
Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ բվերը սովորաբար ավելի շատ զուգընկերուհիներ են ունենում: Դուրհամի համալսարանում անցկացվել է մի հետազոտություն այս հարցի շուրջ: Հետազոտությանը մասնակցել է 18-30 տարեկան 106 տղամարդ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երեկոյան կենսակերպ վարող տղամարդիկ` բվերը, միջին հաշվով 16 զուգընկերուհի են ունենում, մինչդեռ ցերեկային կենսակերպ վարող տղամարդիկ` արտույտները, միջին հաշվով 3 զուգընկերուհի են ունենում: Բվերն ավելի ակտիվ են նաև հասարակական կյանքում: Ըստ որոշ հետազոտությունների` բու տեսակի տղամարդիկ ավելի շատ երեխաներ են ունենում, քան արտույտները: Նրանց մոտ ավելի բարձր է տեստոստեռոն կոչվող հորմոնի տոկոսը: Ինչ վերաբերում է կանանց, ապա արտույտ տեսակի կանանց մոտ ամլության խնդիրը ավելի հազվադեպ է ի հայտ գալիս: Արտույտ կանայք ավելի պտղաբեր են, քան բու կանայք:

Թե ինչու պետք է բվերն ամուսնանան արտույտների հետ
Եթե զույգում երկուսն էլ բու են կամ երկուսն էլ արտույտ, հավանական է, որ նրանք ունենան միևնույն կենսակերպը: Սակայն բվերն ու արտույտները, տարբեր լինելով հանդերձ, կարող են լրացնել միմյանց և միասին ներդաշնակ զույգ կազմել: Պրոֆեսոր Ֆոսթերն ասում է, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենաերկար տևողություն ունեցող ամուսնությունները լինում են բվերի և արտույտների միջև:
Պրոֆեսոր Ռոենբերգն ասում է, որ զույգերը պետք է ավելի հանդուրժողաբար վերաբերվեն միմյանց քնելու սովորություններին: Նա ասում է, որ պետք չէ փոխել դրանք, քանի որ եթե դուք, օրինակ, բու եք և պայքարեք ձեր քնի սովորությունների դեմ` փորձեք ավելի վաղ ժամի քուն մտնել, կստացվի, որ դուք պայքարում եք ձեր քրոնոտիպի դեմ: Սեփական օրգանիզմի հետ պայքարի մեջ մտնելը լավ գաղափար չէ:
Սա ի վերջո կարող է հանգեցնել դեպրեսիայի և դառնալ մի շարք այլ հիվանդությունների պատճառ: