18:45 , 13 օգոստոս, 2013Որոշ զինատեսակներ այնքան հայտնի են լինում, ասես փոփ աստղերի կարգավիճակ ունենան, և երբ խոսքը գնում է Ռուսաստանի մասին, ապա առաջին բանը, որ գալիս է մտքիդ, տանկերն են: Մոսկվայից քիչ հեռու գտնվող Ժուկովսկի քաղաքում վերջերս անցկացվեց հերթական ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվում է նաև այլ տիպի ռազմական տեխնիկա՝ մեքենաներ, հրթիռային համակարգեր, կապի միջոցներ և ինժեներական մեքենաներ, որոնց մասին կարող է երազել ցանկացած բանակ:
Հիմնական շեշտը դրվում է ցամաքային զորքերի սպառազինության վրա, քանզի, ինչպես հայտնի է, ՌԴ-ն հսկայական ցամաքային տերություն է, որն ունի հազարավոր կիլոմետրեր ձգվող պետական սահման այլ պետությունների հետ: Ռուսաստանն այժմ հիմնականում զբաղվում է դեռ սովետական զինատեսակների կատարելագործումով, ինչից ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ աշխարհաքաղաքական դիվիդենտներ: Չնայած ռուսական տեխնիկան որոշակի խնդիրներ ունի էլեկտրոնային և սենսորային հագեցվածության առումով, սակայն դրա հզորությունն ու գեղեցիկ դիզայնը պատկառանք է առաջացնում: Ձեզ եմ ներկայացնում մի շարք հիանալի ինժեներական ու ոչ միայն ինժեներական տեխնիկայի նմուշներ, որոնց կնախանձի անգամ ԱՄՆ բանակը:
Այս մեքենան նախագծված է հատուկ բարդ ինժեներական աշխատանքների համար՝ դժվարանցանելի տեղանքներում ճանապարհների մաքրում իրականացնելն ու ուղիներ հարթելը դրա հիմնական գործառույթն է: Երկու հոգուց բաղկացած անձնակազմի կողմից կառավարվող այս մեքենան կարող է ուղի բացել խիտ անտառում՝ 13 կմ/ժ արագությամբ, այն ունի հեռակառավարվող 8 մետրանոց ձեռք, որով կարող է մինչև երկու տոննա կշռող օբյեկտներ տեղափոխել, այն նաև ունի բավականին պինդ զրահ և ծխային քողարկման սարքեր, ինչպես նաև գնդացիր, ինչի շնորհիվ կարող է նաև հաջողությամբ մարտ մղել հակառակորդի հետևակի ու թեթև տեխնիկայի դեմ:
Այս մեքենայի հաջորդ առավելությունը նրանում է, որ այն կարող է կցվել Տ-90 տանկի շասսիին՝ այդ կերպով կատարելով ականամաքրող ֆունկցիա, քանի որ դրա կառուցվածքային առանձնահատկությունները թույլ են տալիս հաջողությամբ դիմակայել մագնիսական, ֆուգասային և այլ տիպի ականներին:
Ռուսական զենքի պատմության խորհրդանիշներից մեկը լեգենդար Կատյուշան է, որը մեծ փառք ձեռք բերեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Կարելի է ասել, որ այս մի համակարգը Կատյուշայի թոռնիկն է: Այն ունի 300 մմ-անոց հրթիռների արձակման 6 փող, որոնք կարող են արձակել տարբեր տեսակի հրթիռներ:
Նկարում պատկերված տարբերակը լիցքավորվում է հատուկ լիցքավորող մեքենայի կողմից ընդամենը 8 րոպեում: Այս համակարգերը իդեալականապես հարմարեցված են բարդ տեղանքում տեղաշարժվելու և «կրակիր-հեռացիր» մարտավարության համար: Սա հայտնի Սմերչերի օդատրանսպորտային միջոցով փոխադրվող թեթևացված տարբերակն է: Այն ներկայացվել է հանրությանը 2007 թվականին, սակայն մինչ օրս պատվիրատուներ չունի:
Կաստան բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայան է, որով կարելի է հայտնաբերել օդային թիրախներ՝ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ, մինչև 90 կիլոմետր հեռավորության վրա: Այս ՌՏԿ-ն կարող է անդադար գործել ցանկացած եղանակային պայմաններում՝ 20 օր շարունակ, և անհրաժեշտ է ընդամենը 20 րոպե՝ այն գործարկելու համար: Այս ՌՏԿ-ների մյուս առավելությունը նրանում է, որ դրանք բավականին արդյունավետ են պայքարում ՌԵՊ միջոցների դեմ:
Այս ՌՏԿ-ի ավելի թարմ մոդելները բավականին լավ են վաճառվում զենքի միջազգային շուկայում, և օրինակ` Իրանում դրանք են պահպանում միջուկային հետազոտությունների անցկացման վայրերը:
Անգամ ամենաժամանակակից հրետանային արկն ու հրթիռն անպետք են, եթե դրանց թիրախների կոորդինատները հայտնի չեն: Այս մեքենան հատուկ նախագծված է նրա համար, որպեսզի անգամ ամենաբարդ պայմաններում՝ անկախ օրվա ժամից ու եղանակային պայմաններից, կառավարի հրետանու կրակը: Այս մեքենան զինված է ռադիոկայաններով, լազերային հեռաչափերով, նավիգացիոն սարքավորումներով և նշանառման համակարգերով:
Այս մեքենայի` 6 հոգուց բաղկացած անձնակազմը կարող է դիրք հասնելուց 15 րոպե հետո արդեն զբաղվել կրակի կոորդինացումով: Մեքենայի ցածր բարձրությունը այն բարդ թիրախ են դարձնում հակառակորդի խոցման միջոցների համար: Ինչպես և սովետական շատ զինատեսակներ, այս համակարգը ևս լայնորեն արտահանվել է և այժմ գտնվում է շատ երկրների սպառազինության կազմում:

BUK M1-2-ը ինքնաուղղորդվող ՀՕՊ համակարգ է, որը նախատեսված է փոքր ու միջին հեռավությունների վրա գտնվող թիրախների խոցման համար: Նկարում մենք տեսնում ենք այդ համակարգի լիցքավորող մեքենան, որն իր վրա ամրացված կռունկով լիցքավորում է հրթիռային համակարգը:
Այս համակարգի հրթիռները ուղղորդվում են ՌՏԿ-ի միջոցով և զարգացնում են մինչև 3000 կմ/ժ արագություն: Այս համակարգը վաճառվում է աշխարհով մեկ, իսկ դրա հիմնական ձեռբերողներն են Եգիպտոսը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Չինաստանն ու Վենեսուելան:
Այս մեքենայի 30 մետրանոց անտենան 30 րոպեում հասնում է իր գագաթնակետին, բայց երբ նա արդեն սկսում է գործել, ապա ապահովում է անլար կապով մինչև 200 «բաժանորդների»: Սիբիրյան Տոմսկ քաղաքում գտնվող «Միկրան» ընկերությունը հանդիսանում է այս հրաշքի արտադրողն ու հեղինակը և կարող է այս մեքենան արտադրել տարբեր մոդիֆիկացիաներով, որոնք կկատարեն տարբեր կոմունիկացիոն գործառույթներ, սակայն դրա հիմնական գործառույթը կա ու կմնա դժվար անցանելի ու վայրի տեղանքներում ստորաբաժանումներին կապով ապահովելը:
Այո, սրանք մեքենաներ չեն բառի դասական իմաստով, բայց դրանք բազմիցս են խաբկանքի մեջ գցել ԱՄՆ-ին: Այս էժան պաշտպանական միջոցները արտադրվում են Մոսկվայի մերձակայքում գտնվող մի գործարանում և ունեն մեկ հիմնական գործառույթ՝ թյուրիմացության մեջ գցել արբանյակային հետախուզությանը, ինչպես նաև մեծ բարձրություններից հետախուզում իրականացնող ինքնաթիռներին: Այս մուլյաժներն ունեն իսկական տանկերի, ՀՕՊ համակարգերի և այլ տեխնիկայի չափսեր ու ձև և անգամ իմիտացնում են շարժիչի աշխատանքի ջերմային ֆոն հատուկ տաքացուցիչների միջոցով՝ թյուր պատկերացումներ ստեղծելով իսկական զորքերի տեղակայման վերաբերյալ:
Այս մուլյաժները իրենց շատ լավ ցույց տվեցին դեռ Հարավսլավիայի ռմբակոծությունների ժամանակ, և ՆԱՏՕ-ն բավականին շատ հրթիռ ու այլ օդային խոցման միջոցներ ծախսեց, ինչպես հետո պարզ դարձավ՝ փուչիկների կուտակումներ ոչնչացնելու համար: Համաձայնվեք, դժվար է ավելի հիմար իրավիճակում հայտնվել, քան բացահայտել` 600,000 դոլար արժողությամբ հրթիռով ոչնչացրել ես մի քանի հարյուր դոլար արժողություն ունեցող փուչիկ...