Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշակական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ակնաբերդ բնակավայրում. ՌԴ ՊՆ


19:55 , 26 ապրիլ, 2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Ակնաբերդ բնակավայրում կազմակերպել են ավելի քան 1000 կգ հումանիտար օգնության փոխանցումը կարիքավոր բնակիչներին:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հումանիտար օգնությունը ԼՂ է ուղարկվել ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների ջանքերով:

Բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին և փախստականներին ռուս խաղաղապահները փոխանցել են պարենային փաթեթներ, բժշկական դեղատուփեր և առաջին անհրաժեշտության իրեր:

Բացի այդ, բնակավայրում բուժկետ է բացվել՝ բնակիչներին և տեղահանված անձանց որակյալ բուժօգնություն տրամադրելու համար: Բուժկետում աշխատելու են վիրաբույժ, օտոլարինգոլոգ, ատամնաբույժ, ակնաբույժ և սրտաբան:

Նշվում է, որ բնակավայրում գործող բուժկենտրոնում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները խորհրդատվություն և բուժօգնություն են ցույց տվել ավելի քան 100 բնակչի: