14:33 , 13 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հերքում է, որ սպառնացել է վերացնել «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակցուհի Լիանա Շահբազյանին, ով այս մասին դիմում է ներկայացրել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Tert.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց. «Դուք հավատո՞ւմ եք, որ ես մարդ կարամ վերացնեմ », իսկ հարցը փորձեցինք մանրամասնել՝ «իսկ սպառնա՞լ դա անել», ասաց՝ «ինչի՞ համար»:
Նշենք, որ ավելի վաղ «Փաստինֆո» կայքը հաղորդել էր որ Լիանա Շահբազյանը ոստիկանությունում հայտնել է, թե ԱԺ պատգամավոր, «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի հիմնադիր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ ունեցած պարտքերի պատճառով:
Աշոտ Աղաբաբյանը չհերքեց, որ «էդ կինը» իրեն ու շատ-շատերին պարտք է, և ավելացրեց. «Ու ես ինձ իրավունք չեմ վերապահել որևիցե մեկին սպառնամ և ոչ էլ սպառնացել եմ»:
Կայքը հաղորդում էր նաև, որ Լ.Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Գումարը Շահբազյանն օգտագործել է և չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: 2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, և խնդրել է Աշոտ Աղաբաբյանին՝ իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավադնել և ստացած վարկի գումարով փակել պարտքերը: Տեղեկանքը չի տրամադրվել, փոխարենը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակում վերջինս առաջարկել է տալ Աշոտ Աղաբաբյանի անունով լիազորագիր, որով ավտոմեքենան կգրավադրվի «HSBC» բանկում, և ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին դիմումատուն չի համաձայնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ