Սա պատմական արդարության և ճշմարտության վերականգնում է, մարդու իրավունքների, արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում. Արցախի ԱԺ–ն՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու մասին


13:19 , 25 ապրիլ, 2021

Արցախ Ազգային ժողովն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանը։ Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հայտարարությունում ասվում է․

«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։

ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու  իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։ Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։

Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում  ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք՝ սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։