Ցանկանում ենք անցնել ԼՂ ճանաչման ճանապարհով. Ֆրանսիայի Սենատի նախագահ


18:29 , 24 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրում իր ելույթում Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշեց, որ ցանկանում են անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման, քաղաքական բանակցությունների ճանապարհով, որը կհանգեցնի տևական խաղաղության:

«Մենք տանում ենք այստեղից պատգամ՝ ուղղված Մինսկի խմբի համանախագահներին: Կարծում ենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ և Ֆրանսիան պետք է կարողանան առաջարկել տևական կայուն խաղաղության մի ճանապարհ ղարաբաղյան հարցի հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Ժերար Լարշեն:

Խոսելով Ֆրանսիայի օրենսդիր մարմնի կողմից ընդունված Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի մասին՝ Ժերար Լարշեն նշեց, որ դա լծակ է, որի շուրջ քննարկումներ են տեղի ունենում:

«Ֆրանսիայի Սահմանադրությամբ նախատեսված է, որ գործադիր իշխանությունն է արտաքին քաղաքականությունը վարում և նրանց է պատկանում այդ որոշումը կայացնելը: Իհարկե, ոչ Սենատը ոչ Ազգային ժողովը մի կողմ քաշված չեն մնա այս հարցում: Մենք կարծում ենք, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան համապատասխան պատասխանատվություն է կրում ՌԴ-ի ԱՄՆ-ի հետ միասին: Այն բանաձևը, որն ընդունվեց Սենատում, այնուհետև Ազգային Ժողովում, ցանկանում ենք դրան հաղորդակից դարձնել այլ երկրների խորհրդարաններին: Դա է ճանապարհը»,-ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահը: