Էստոնիան չի բացառում մի քանի ռուս դիվանագետների արտաքսումը
00:48 , 22 ապրիլ, 2021
Էստոնիայի իշխանությունները չեն բացառում, որ Չեխիայի հետ համերաշխություն ցուցաբերելով` կարող են որոշում կայացնել`երկրից արտաքսել մի քանի ռուս դիվանագետների: Նման հավանական հեռանկարի մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական բաժնի գլխավոր տնօրեն Լեմբիթ Ույբոն, գրում է EADaily լրատվականը` հղում տալով sputnik-meedia.ee կայքին:
«Այո, այդպիսի հավանականություն կա»,-հաստատել է Ույբոն:
Նա նշել է, որ այս ուղղությամբ հնարավոր քայլերն այժմ քննարկվում են Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության մակարդակում. համատեղ դիրքորոշումներ են մշակվում Պրահային իրենց համերաշխությունը հայտնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: