Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ապօրինի են. Մելոյան


21:09 , 21 ապրիլ, 2021
ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՄ ԳՈՐԾԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ԵՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՈՐԵՎԷ ԱՆՁ ՉԻ ԿԱՐՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ!
Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսաձայնագրությունն ուղղակիորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի և 332-րդ հոդվածի 3-րդ մասի առերևույթ հատկանիշներ։
Հայաստանի Հանրապետության որևէ նորմատիվ իրավական ակտ ՉԻ նախատեսում վարչապետի լիազորություն՝
որևէ քրեական գործով տալ հանձնարարություն,
հետաքրքրվել, թե արդյո՞ք հարուցվել է քրեական գործ,
և, եթե այո, ապա հարուցված քրեական գործի շրջանակներում ի՞նչ գործողություններ են կատարվել։
Սահմանադրության և կիրառելի օրենքների համաձայն վարչապետը որևէ իրավասություն չունի անգամ կոնկրետ քրեական գործով դատախազության և քննչական կոմիտեին հարց ուղղել։
Ոչ պակաս զարհուրելի էր դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների քրեական գործի մամրամասների հոտնկայս զեկուցումը գործադիր իշխանության ներկայացուցչին։
Որևէ խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող երկրում նման երևույթի անհնար է հանդիպել։
Հետևաբար, հիմք ընդունելով քրեական դատավարության տեսության մեջ ամրագրված «թունավոր ծառի պտուղներն թունավոր են» կանոնը՝ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո բոլոր ձերբակալումները, քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն ԱՊՕՐԻՆԻ են։