ԱԺ աշնանային նստաշրջանում հնարավոր է քննարկվի Հայաստանի դրոշի գույները հստակեցնելու մասին փաթեթը


10:19 , 13 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից մշակված դրոշի գույների հստակեցման փաթեթն արդեն ստացել է կառավարության համաձայնությունը և ուղարկվել ԱԺ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն ասաց, որ դրոշի գույների հստակեցման աշխատանքային խմբում ներառված է եղել նաև էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտը, և համատեղ մշակվել են պետական դրոշի և զինանշանի ստանդարտներ. «Մենք հստակեցրել ենք գունային չափորոշիչները և ստանդարտները, կարելու, տպելու, կտորի որակի հետ կապված հարցերը»:

Նա հավելեց նաև, որ ստանդարտը պարտադիր պահանջ չի ենթադրում և պետք է համապատասխան փաստաթղթով ամրագրել դրոշի գույները, ուստի իրենք դիմել են կառավարությանը՝ ստանդարտն օրենքով ամրագրելու համար: Կառավարությունն արդեն տվել է իր հավանությունը, և փաթեթն ուղարկել ԱԺ: Պավել Սարգսյանը հույս հայտնեց, որ դրոշի գույների հարցը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում:

Դրոշի գունային գամմաները ֆիքսելու դեպքում մի շարք կառույցներում այլևս չեն լինի տարբերվող դրոշներ, գունային կամ չափերի տարբերություններ:

Ինչ վերաբերում է զինանշանին, ապա մեր զրուցակիցն ասաց, որ այստեղ էլ բացեր կան, զինանշանը որոշ թերություններ ունի, սակայն զինանշանի մասով համապատասխան քաղաքական որոշում է պետք. «Զինանշանի հարցը նաև տնտեսական հարթությունում է, որովհետև ծախսերի հետ է կապված: Դրա համար ժամանակ և ֆինանս է պետք»:

Սակայն նա ասաց, որ մեր զինանշանը չի համապատասխանում օրենքով սահմանված նկարի պատկերին, և փոփոխությունն անխուսափելի է: