«Առավոտ». Մեր խմելու ջուրն անասունին ենք տալիս, անասունը չի խմում. Բերքաբերի գյուղապետ


08:39 , 13 օգոստոս, 2013

«Առավոտ»-ը գրում է.

«Տավուշի մարզի Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց, որ անցյալ շաբաթ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել դաշտերում աշխատող գյուղացիների, գիշերները՝ գյուղի ուղղությամբ։

 «Թու, թու, 2-3 օր է՝ գյուղի վրա չեն կրակում։ Խոտհարքները, ցորենը հնձել ենք, բերքը տեղափոխել։ Սակայն մեր գյուղի հիմնական տարածքները Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ են», -ասաց գյուղապետը։ Նրա խոսքերով՝ իրենց համագյուղացի, Ռուսաստանում բնակվող Էդիկ Հարությունյանը 60 հազար ռուբլի է նվիրել, որով գյուղի ճանապարհների որոշ հատվածներ ասֆալտապատել են։

 Գյուղապետը հայտնեց, որ գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, Բերքաբերը գազիֆիկացված չէ, խմելու ջուրն անորակ է, հավելելով.

 «Մենք, կարելի է ասել, ոռոգման ջուր ենք խմում։ Այն անասունին ենք տալիս, անասունը չի խմում, Ջողազի լճի ջուրը խմում է, այդ ջուրը չի խմում։ Խմելու ջրագիծը ձգվում է Աճարկուտի անտառներից, այն 50-60 տարվա հնություն ունի, խողովակները փտած են»։ Արթուր Մադաթյանի վկայությամբ ծանր կենսապայմանների պատճառով շուրջ 500 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղից արտագաղթը շարունակվում է, Բերքաբերի միջնակարգ դպրոցն ուներ 47 աշակերտ, աշնանը, նոր ուսումնական տարում աշակերտների թիվը կլինի 40»:

 Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: