09:08 , 13 օգոստոս, 2013«Ժողովուրդ»-ը գրում է.
«Մինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Միասին» Երիտասարդական շարժման ակտիվիստների հետ ճամբարում կիթառ էր նվագում ու երգում «Բարով եկար, սիրուն կռունկ», երեկ Երիտասարդության միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը տխուր ցուցանիշներ հրապարակեց։ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78, 5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկնի Հայաստանից։
Հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ արտերկրում ավելի հեշտ է աշխատանք գտնել։ Արտերկրում աշխատավարձերը ավելի բարձր են՝42 տոկոս։ Հետո գալիս է բարոյահոգեբանականը»,– ասաց Գարիկ Հայրապետյանը։ Այսպիսով հերթական անգամ պետք է արձանագրենք այն իրողությունը, որ մենք ապրում ենք երկու տարբեր իրականությունում, մեկում երիտասարդները ուրախ ու երջանիկ են և վարչապետի հետ երգում են, իսկ մյուսում մեծամասամբ պատրաստ են լքել երկիրը։ Ու այսքանից հետո առնվազն զավեշտալի է, որ ՀՀ վարչապետը երգում է»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։