ԵԽԽՎ-ում «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» սպասվող քննարկման հետ կապված ոգևորության ֆոնին մի քանի բան արժե հստակեցնել


19:22 , 19 ապրիլ, 2021
Նախ, ի՞նչ է նշանակում այս քննարկումը:
Սա պատգամավորների կարծիքների փոխանակում է թեմայի շուրջ: Կարևոր է այն իմաստով, որ հարցը բարձրաձայնվում է որպես Եվրոպայի Խորհրդի տարածքում ակտուալ հարց, վերնագրից դատելով քիչ չեն լինելու Ադրբեջանի հասցեին քննատադատական ելույթներն ու կոչերը: Սակայն, գործիքակազմի տեսանկյունից սա Ադրբեջանի համար հեղինակայինից բացի այլ հետևանք չի ունենալու, քանի որ նույնիսկ զեկույց կամ բանաձև չի լինելու՝ այսինքն ԵԽԽՎ միասնական դիրքորոշում չի արտահայտվելու: Եթե իհարկե քննարկումից հետո հայկական պատվիրակությունը ծավալուն աշխատանք չտանի թեման զարգացնելու և բանաձևի հասնելու համար: Իսկ դրա համար հեղինակություն, կապեր, ջանք ու փորձ է պետք, որը համոզվել ենք, որ այս իշխանության գերակշռությամբ կազմված պատվիրակությունը չունի:
 Երկրորդը՝ եթե նույնիսկ սա ուղղակի քննարկում է, ի"նչ պետք է լսենք այդ քննարկման ժամանակ, որպեսզի գոնե մասամբ բավարարված լինենք:
Առաջինը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և պատերազմի սանձնազերծման շատ հասցեական քննադատություն և այդ թվում՝ Ադրբեջանի դեմ սանկցիաների կիրառման առաջարկ:
Երկրորդը, Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավվածության և առ այսօր տարվող քաղաքականության սուր քննադատություն:
Երրորդը, միջազգային հանրության ռեսուրսների կոնսոլիդացման և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործուն մեխանիզմների կոչ և նախաձեռնություն՝ գերիների օր առաջ վերադարձին հասնելու համար:
Եվ չորրորդը, Արցախի ներկայի և ապագայի հետ կապված մեզ համար կարևոր և սկզբունքային հարցերի բարձրաձայնում:
Եվ կարևոր է, որ այս ամենը հնչի ոչ միայն և ոչ առաջին հերթին հայկական պատվիրակության շուրթերից:
ԵԽԽՎ-ն պետք է լինի օրինակներից մեկը՝ ցույց տվող, որ միջազգային հանրությունը չի ընդունում, չի ընկալում և չի հաշտվում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության հետ և Բաքվի վրա ճնշում է գործադրվելու բոլոր միջազգային հարթակներում:
Սրա համար մեծ, շատ մեծ ու շատ երկար աշխատանք է/էր հարկավոր...