Եթե այս իշխանությունը վերարտադրվի, մենք պետական ինստիտուտների քայքայման հաջորդ փուլին ենք անցնելու․ Ստեփան Դանիելյան


16:34 , 18 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քաղաքական հնարավոր զարգացումների մասին Tert.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Նրա խոսքով՝ գործող իշխանության համար ստեղծվել է անհաղթահարելի իրավիճակ, որին պետք էր ինչ-որ հանգուցալուծում տալ։ «Մեղադրանքները ծանր են, պարտությունը՝ դաժան, այս իշխանության հանդեպ արդեն թշնամաբար տրամադրվածների քանակն ու որակն ահռելի։ Այլ հարց է, թե արդյոք արտահերթ ընտրությունները կարող են լիցքաթափել վիճակը, թե՝ ոչ։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո իրավիճակը կարող է ավելի սրվել»,- ասում է նա։

-Պարոն Դանիելյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «քաղաքական պայմանավորվածությունների» համաձայն, ինքը ապրիլի վերջին տասնօրյակում նախատեսում է հրաժարական տալ, և խորհրդարանը վարչապետ չի ընտրելու, ըստ այդմ, լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հաշվի առնելով մինչ այս եղած ներքաղաքական զարգացումները՝ ի՞նչ տպավորություն եք ստանում, ինչի՞ արդյունքում ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ընդառաջ գնաց արտահերթ խորհրդարանական ընտրություններին, արդյո՞ք իր հրաժարականի այս տարբերակը ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը կարող է լինել։

-Թե ինչու գնաց, կարծում եմ՝ պարզ է։ Գործող իշխանության համար ստեղծվել է անհաղթահարելի իրավիճակ, որին պետք էր ինչ-որ հանգուցալուծում տալ։ Մեղադրանքները ծանր են, պարտությունը՝ դաժան, այս իշխանության հանդեպ արդեն թշնամաբար տրամադրվածների քանակն ու որակն ահռելի։ Այլ հարց է, թե արդյոք արտահերթ ընտրությունները կարող են լիցքաթափել վիճակը, թե՝ ոչ։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո իրավիճակը կարող է ավելի սրվել։

Հաշվի առնելով այն, որ իրենք նահանջելու տեղ չունեն, քանզի իշխանությունը կորցնելուց հետո բազմաթիվ ծանր հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվեն, իրենք ամեն ինչի ընդունակ են ու մինչև վերջ են գնալու։ Ցանկացած քայլերի դիմելու են վերարտադրվելու համար։ Այ այստեղ է, որ մենք մեծ մտահոգություններ պետք է ունենանք։ Եթե ենթադրենք, որ իշխանությունը կկարողանա վերարտադրվել, ապա մենք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ ենք ունենալու։ Եթե հիմա գործող իշխանությունն ԱԺ դահլիճում իրեն ապահով է զգում ու ցանկացած որոշում կարողանում է անցկացնել, ապա հաջորդ խորհրդարանում դա այդպես չի լինելու։ Դա լինելու է խիստ բևեռացված խորհրդարան, որտեղ մենք ուղիղ և փոխաբերական իմաստով պատերազմների ենք ականատես լինելու, անգամ խորհրդարանի պարալիզացվածության իրավիճակ կարող է լինել։ Այնպես որ, եթե այս իշխանությունը, օգտագործելով բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները, վերարտադրվի, մենք պետական ինստիտուտների քայքայման հաջորդ փուլին ենք անցնելու։ Ամեն ինչ պետք է անենք, որ այս սցենարը չիրականանա։

- Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո ի՞նչ հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է այս անգամ Նիկոլ Փաշինյանը ներկայանալու ընտրություններին, ովքե՞ր կլինեն նրա կողքին։

-Իր կողքին կլինեն բազմաթիվ «ուսապարկեր», ինչպես նաև մարդիկ, որոնք այս տարիների ընթացքում Փաշինյանի հանցակիցներն են դարձել ու նահանջելու տեղ չունեն։ Դրա համար նրանք այլընտրանք չունեն, մինչև վերջ գնալու են։ Պատերազմում կրած պարտությունից հետո նրանք պետք է անմիջապես հրաժարական տային, սակայն տեսնում ենք, որ սրանք այլ կարգի մարդիկ են, այլ բարոյական ու աշխարհայացքային պատկերացումներով։ Սակայն դա չէ հիմնական խնդիրը, այլ այն, որ սոցիալական բևեռվածությունը հաջողությամբ կարողանում են օգտագործել։ Նրանց քաղաքական ռեսուրսը ներազգային ատելությունն է, որքան փոխադարձ ատելությունը մեծ է, այնքանով նրանք կկարողանան դա օգտագործել իրենց օգտին։ Նախընտրական քարոզչության ժամանակ այդ ռեսուրսը շարունակելու են օգտագործել ու եթերն ու սոցիալական ցանցերը լցվելու են համապատասխան կոնտենտով։ Վատ շրջան ենք մտնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ