ՀՀ-ի ապաշնորհ քաղաքականության հետևանքով էական փոփոխություններ են նկատվում նաև ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերություններում, և դա ի նպաստ մեզ չէ․ Ռուբեն Մելքոնյան


20:53 , 12 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Tert.am-ը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերութունների ներկայիս մակարդակի և դրա՝ արցախյան հիմնախնդրի վրա ազդեցության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանի ապաշնորհ քաղաքականության հետևանքով էական փոփոխություններ են նկատվում նաև ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերություններում, և այդ ընթացքը ամենևին էլ ի նպաստ Հայաստանի չէ։

-Պարո՛ն Մելքոնյան, ռուս-թուրքական հարաբերություններում նկատելի է մերձեցում, և դա անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Վերջերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև կայացած հեռախոսային զրույցում էլ անդրադարձ է եղել հիմնախնդրին։ Ձեր տպավորությամբ հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքավորում ունեն նրանցից յուրաքանչյուրը։

-Կատարվել է Թուրքիայի տարիների ընթացքում ունեցած երազանքը՝ դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում միջնորդներից մեկը։ Հիմա նա ինչ-որ առումով մասնակից է բանակցային գործընթացում, և նրա նպատակները որոշակիորեն իրականացել են։ Բայց նաև պետք է փաստենք, որ Թուրքիայի մասնակցությունը արցախյան հակամարտության բանակցային գործընթացին դե յուրե ամրագրում չունի՝ չնայած, որ դե ֆակտո նա այս կոնֆլիկտի մեջ կա, և դա դրսևորվում է նաև ռուս-թուրքական տարբեր բանացություններում, կողմերի հեռախոսազրույցներում և այլն։ Ամեն դեպքում, դա իրավաբանորեն ամրագրված չէ։ Հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ինչքան էլ հիմա քաղաքականապես գրեթե գոյություն չունի, բայց իրավական առումով այն միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է և շարունակում է այդպիսին մնալ։

Ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ես երկու դիտակում կանեմ։ Առաջինը՝ մենք պետք է ֆիքսենք, որ այդ հարաբերությունները, իհարկե, միշտ էլ գտնվում են հակասությունների ծիրում, որովհետև քաղաքական առումով ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես կոնֆլիկտային են, բայց ֆենոմենալ է, որ կա ռուս-թուրքական տնտեսական շահերի համընկնում, որը մշտապես զուգահեռ ընթանում է քաղաքական տարաձայնությունների ֆոնին։ Այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերությունները շահերի և տարաձայնությունների միասնություն են, և մենք պետք է դրանց այդ դիտանկյունից էլ նայենք։

Դրա դրսևորումը մենք տեսնում ենք նաև Ղարաբաղյան հակամարտությունում․ Ռուսաստանի համար Թուրքիայի և՛ մասնակցությունը, և՛ ներկայությունը հակամարտությունում բնականաբար ոչ ցանկալի է, բայց ստեղծված իրավիճակում Թուրքիան դարձել է Ռուսաստանի առնվազն զրուցակիցը։ Հեռախոսազրույցներ են լինում նախագահների, արտգործնախարարների մակարդակով, որոնց առանցքում հիմնախնդիրն է, և այն դարձել է երկու երկրների հարաբերություններում կարևորագույն առանցքներից մեկը։

Երկրորդ դիտարկումս այն է, որ Թուրքիան, հատկապես վերջին տարիներին փոխել է իր «քաշային կատեգորիան», ունի ավելի մեծ հնարավորություններ, ավելի մեծ ներկայացվածություն աշխարհի, տարածաշրջանի քաղաքական կյանքում և բնական է, որ այն զսպման մեխանիզմները, որ Ռուսաստանն ուներ Թուրքիայի հանդեպ տարիներ առաջ, հիմա որոշակիորեն փոխվել են։ Բնական է՝ խոսքը ռազմական բաղադրիչի մասին չէ, որտեղ Ռուսաստանը Թուրքիայի համար անհասանելի մրցակից է։ Քաղաքական այլ բնագավառներում ռուս-թուրքական հարաբերությունների շփման մեխանիզմները փոխվել են և պարզ է, որ դա պետք է դրսևորվեր նաև ավելի տեսանելի քաղաքական տիրույթում։ Հիմա ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում, խոսում է այն մասին, որ այդ երկու երկրների՝ միմյանց հետ շփվելու, միմյանց վրա ազդելու, միմյանց ճնշելու և միմյանց հետ համագործակցելու խաղի կանոններն ու ոճն են փոխվել։ Այսինքն՝ այն հին պատկերացումները, որ «Ռուսաստանը չի թողնի, որ Թուրքիան սա անի», պետք է սրբագրենք։ Խոսքը այլ Թուրքիայի մասին է, որը շատ առումներով, շատ հարցերում առաջ է քաշել իր ներկայացվածության մակարդակը, և դրա հետ աշխարհը, և այդ թվում, Ռուսաստանը, ստիպված է հաշվի նստել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ