15:30 , 12 օգոստոս, 2013Կալիֆոռնիացի Ջեյդեն Դեվիդի մոտ դեռևս վաղ մանկական հասակում ախտորոշվել էր էպիլեպսիայի մի հազվագյուտ տեսակ: Էպիլեպսիայի այդ տեսակը կոչվում է Դրավեթի ախտանշան: Հիվանդության հետևանքով նրա մոտ օրական մի քանի անգամ ուժգին նոպաներ էին լինում: Այդ նոպաներն այնքան ահավոր էին, որ տղան չէր կարողանում քայլել, խաղալ ընկերների հետ և նորմալ կյանք վարել: Նրան ամենաքիչը քառասուն անգամ շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Հիվանդությունը հաղթահարելու համար Ջեյդենն ամեն օր ընդունում էր 22 դեղահաբ:

«Եկել էր մի էտապ, երբ Ջեյդենի մոտ ամբողջ օրվա ընթացքում կրկնվում էին մի ժամից մինչև ժամ ու կես տևողությամբ նոպաներ: Ես դիմեցի բժշկին և ասացի, որ Ջեյդենը ոչ քնել է կարողանում, ոչ ուտել, մի խոսքով, ես նրան ասացի, որ չեմ կարծում, թե այս կերպ Ջեյդենը երկար ձգի»,-ասում է Ջեյդենի հայրը` Ջեյսոն Դեվիդը: Նրա որդու ինքնազգացողությունն այնքան վատ էր այս սարսափելի հիվանդության հետևանքով, որ Ջեյսոնը ցանկանում էր ինքնասպան լինել: Ջեյդենի նոպաները թեթևացնելու համար Ջեյսոնը որդուն տվեց մարիխուաննա հեղուկ վիճակում: Եվ այն օգնեց:

-Ես նրան բժշկական մարիխուաննա տվեցի: Այն օգնեց որդուս ազատվել սարսափելի նոպաներից, - ասել է Ջեյսոն Դեվիդը:
Ջեյդենի բուժման համար օգտագործվող մարիխուաննան CBD կոչվող տարր է պարունակում: Այն գրեթե նույն բժշկական հատկություններն ունի, ինչ սովորական մարիխուաննան: Վերջին երկու տարիներին Ջեյդենը օրական մի քանի կաթիլ CBD է ընդունում: Նրա հայրն ասում է, որ արդյունքները զգալի են, նա խաղում է, կարողանում է քայլել, բարձրանալ աստիճաններով: Այն մանկաբույժը, որը տղային բժշկական մարիխուաննա էր նշանակել, ասում է, որ բժշկական մարիխուաննան բարերար ազդեցություն է թողնում աուտիզմից և նոպաներից տառապող երեխաների վրա: Այն հաճախ օգնում է այն դեպքերում, երբ այլ բուժամիջոցները օգուտ չեն տալիս:

Ջեյսոնն ասել է, որ նա ուզում է բարձրաձայնել այս պատմությունը, որպեսզի այլ ծնողներ ևս ոգեշնչվեն և փորձեն օգնել իրենց երեխաներին, եթե անգամ հարկ լինի օգտագործել բժշկական մարիխուաննա: Ջեյդենի մանկաբույժն ընդունում է, որ մարիխուաննայի բժշկական օգուտների հետազոտությունները փոքրաթիվ են: Հենց այս պատճառով էլ բժիշկները հակասական կարծիքներ ունեն մարիխուաննայի բժշկական օգտագործման մասին: Ներկայումս Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկներն ուսումնասիրում են CBD-ի ազդեցությունն էպիլեպսիայով հիվանդ երեխաների վրա: Ջեյդենին և իր հորը ցուցադրելու են CNN հեռուստաընկերությամբ: Հաղորդումը կհեռարձակվի շաբաթ օրը: