Անսովոր իրերից պատրաստված 10 անկրկնելի քանդակ


16:10 , 12 օգոստոս, 2013

Դարեր շարունակ արվեստագետները տարբեր իրեր և միջոցներ են օգտագործել արվեստի նոր գործել ստանալու համար: Ձեզ ենք ներկայացնում մեր օրերի հնարագետ արվեստագետների հազվագյուտ աշխատանքները:

10. Քարհենջ

Carhenge

Քարհենջը գտնվում է Արևմտյան Նեբրասկայի Ալիանս քաղաքում: Այն ստեղծվել է Ջիմ Րեյդերսի կողմից  Անգլիայում գտնվող հայտնի Սթոունհենջի նմանությամբ, օգտագործվել է 38 ավտոմեքենա: Այստեղից էլ նրա անվանումը` «Քարհենջ», անգլերեն «car»-«մեքենա» բառից:
Միգուցե ապագա սերունդները մտածեն, թե սա ինչ-որ կապ ունի արեգակի ուսումնասիրությունների հետ…

9. Անպետք պլաստիկե իրերից պատրաստված մարդկանց և կենդանիների քանդակներ

A dog sculpture by Robert Bradford

Բոլոր նրանք, ովքեր երեխաներ ունեն, կհամաձայնվեն, որ պլաստիկե խաղալիքները շատ արագ են կոտրվում, սակայն  նույնիսկ դրա կոտրված անպետք մասերից կարելի է արվեստի մնայուն գործեր ստեղծել: Այդպիսի գործեր է ստեղծում Ռոբերտ Բրեեդֆորդը: Օգտագործելով ջարդված խաղալիքներ, խոզանակներ, սանրեր և այլ անպետք պլաստիկե իրեր` նա ստանում է հետաքրքիր գունազարդ կենդանիների, մարդկանց և ճարտարապետական տարբեր կոթողների քանդակներ:

8. Անպետք մասնիկներից ստեղծված դիմանկարներ

Girl with a Pearl Earring

Ջեյն Փերկինսը, ով սկզբում աշխատում էր տեքստիլով, այժմ սկսել է իր աշխատանքներում օգտագործել պլաստիկե իրեր: Օգտագործելով գունավոր կոճակներ, տարբեր փոքր մասնիկներ`  նա ամրացնում է դրանք արդեն իսկ հայտնի արվեստի գործերի վրա, օր.` «Մոնա Լիզայի», «Ադամանդե ականջօղով աղջկա», թագուհի Էլիզաբեթի, Բարաք Օբամայի դիմանկարի և այլ աշխատանքների վրա` ստեղծելով նկարների հետաքրքիր 3D տարբերակները:

7. Հրազենից պատրաստված հրեշտակներ

Renaissance Peace Angel

1990-ականներին Լոս Անջելեսում բռնկված հրազենային անկարգություններին վերջ դնելու համար արվեստագետ Լին Էվոլան (Էվոլա-Սմիթ) ստեղծարար տարբերակ է մտածում: Նա համոզում է Լոս Անջելեսի բնակիչներին իրենց զենքերը հանձնել` հալեցնելու և դրանցից հրեշտակների արձաններ պատրաստելու համար: Փոքր մասշտաբների ծրագիրը շուտով ընդլայնվեց, և նրա քանդակների չափերը հասան զբոսայգիներում տեղադրվող արձանների չափերին: Իսկ նրա 4 մետր բարձրություն ունեցող «Վերածննդի խաղաղության հրեշտակի» քանդակը տեղադրվեց 2001թ.-ին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի թանգարանում: Այժմ նա սկսել է նույնանման համաշխարհային իր ծրագիրը, որը ենթադրում է ամբողջ աշխարհի մասշտաբով զենքերի հավաքագրում և դրանց հալեցված մնացորդից քանդակների պատրաստում:

6. Պլաստիկե թափոններից պատրաստված կենդանիների ռեալիստական քանդակներ

Ganz horse

Արվեստագետ Սայական Գանզի աշխատանքներն այնքան գեղեցիկ են, որ դժվար է պատկերացնել, թե դրանք թափոններից են ստեղծված: Նրա այս ստեղծագործությունները ոգեշնչված են Շինտոիզմից բխող այն հավատալիքից, թե յուրաքանչյուր օրգանիզմի և իրի մեջ հոգի գոյություն ունի: Արվեստագետը նշում է, թե իր աշխատանքներում նա փորձել է իրերին կենդանիների կերպարներով շունչ հաղորդել: Նրա ստեղծագործություններին նայելով կարելի է համոզվել, որ նա հասել է իր նպատակին:

5. Ձայներիզների ժապավեններից դիմանկարներ

Jimi Hendrix

Ինքնուսույց արվեստագետ Էրիկա Իրիս Սայմոնսը ժամանակակից արվեստին պոստմոդեռնիստական մոտեցում է ցուցաբերում` օգտագործելով ժամանակի և տվյալների կոնցեպտները: Նույնիսկ եթե վերոհիշյալ միտքն այնքան էլ չըմբռնեցիք, ձայներիզի ժապավեններից նրա ստեղծած երաժշտության ասպարեզում հայտնիների դիմանկարները ձեզ հաստատ կհիացնեն: Նրա ստեղծագործությունների շարքը կոչվում է «Ոգիները սարքերի մեջ»: Սայմոնսն ասում է, թե իր պատկերացմամբ մենք բոլորս էլ նման ենք ձայնասկավառակների, որտեղ մեր մտքերը կարծես փաթաթված լինեն դրա ժապավենների պես:

4. Գրքերից պատրաստված խճճված, աբստրակտ քանդակներ

You Can Do Nothing

Մեր օրերում, երբ թվային տեխնոլոգիաները այսքան զարգացել են, հնարավո՞ր է արդյոք` գրքերը շուտով հնություններ դառնան ու մոռացվեն մարդկանց կողմից: Արվեստագետ Բրայան Դեթմերը իր նախագծով փորձում է ամեն ինչ անել, որպեսզի գրքերը երբեք չմոռացվեն, թեկուզ իր քանդակների միջոցով: Տարբեր սուր կտրող գործիքներ օգտագործելով` նա գրքերի թերթերից հետաքրքիր կտրվածքներ է անում ու տարբեր ձևեր ստանում, որոնցից էլ պատրաստում է իր երազային քանդակները:

3. Ուտեստներից պատրաստված ֆանտաստիկ բնապատկերներ

Onion Mahal

Արվեստագետ Կարլ Ուորները դեռ մանկուց երաժշտություն լսելով և նկարելով, Սալվադոր Դալիի, Պատրիկ Ուուդրուֆի և Ռոջեր Դինի աշխատանքներից ոգեշնչված, ստեղծում էր իր ուրույն աշխարհները: Օգտագործելով սոսինձ և ամրացնող տարբեր իրեր` սննդի զանազան տեսակներից ստանում է բնապատկերներ:

2. Մարդու մազերից պատրաստված տերևներ

Leaf sculpture

Արվեստագետ Ջենին Շերոուսը, ով մասնագիտացված է տեքստիլներով աշխատանքներում, օգտագործելով ջրից լուծվող հատուկ նյութ, մարդու մազերն ամրացնում է դրա վրա ժանյակների ձևով` ծառերի տերևների ստվերներ ստանալով: Մազերն ամրացնելուց հետո նա ուղղակի ջրի մեջ է դնում աշխատանքը, այնուհետև ջրից լուծվող նյութը անհետանում է` թողնելով միայն մարդու մազերից պատրաստված գեղեցիկ տերևները:

1. Աղբի ստվերից պատրաստված քանդակներ

Wild Mood Swings

Սկզբում այն, ինչ դուք տեսնում եք, ուղղակի աղբակույտ է իրենից ներկայացնում, սակայն երբ դրա վրա լույս է ընկնում, նոր միայն դուք նկատում եք դրա իրական գեղեցիկ արտացոլանքը: Քանդակագործներ Թիմ Նոբլը և Սյու Ուեբսթեերը, օգտագործելով մետաղյա և փայտյա անպետք իրեր, դրանց կույտին նոր շունչ են հաղորդում լույսի միջոցով: Նրանց աշխատանքները տեսնելուց հետո այլևս հնարավոր չէ աղբակույտին նույն աչքերով նայել: