Հատված օրագրից...


16:38 , 12 օգոստոս, 2013

Օգոստոսի 10
ժամը՝ 22.38...

Որոշեցի փոքր ինչ կիսվել...

Ամռան սովորական տապը այդքան էլ չի ճնշում...
Անգամ պատուհանս կիսափակ է...
Փչում է քամին...

Մտքերս ցրում դես ու դեն...

Օրացույցը շուտով կդատարկվի...
Ջնջում եմ թվերը հատ-հատ .. մեկ ու կես տարի անընդմեջ ... առանց դադարի...

Ես չգիտեմ, թե քանի՜ - քանի՜ օրացույց կվերջանա, մինչ վերադառնաս, բայց ես խոստանում եմ` չեմ դադարի սպասել, ու սպասելս կլինի ապացույցն այն բանի, որ ամեն գիշեր պարտաճանաչ կերպով կջնջեմ օրացույցի թվերը...

Անցել է մի նոր տարի առանց քեզ... սուրբ ծնունդ... ծննդյանդ տարեդարձը... ծննդյանս տարեդարձը...
Տեսնես` քանի՜-քանի՜սը դեռ պիտի անցնեն...
Հավատում եմ, որ մի օր ինչ-որ տեղ կհատվեն...ու այլևս ստիպված չենք լինի նշել այսքա՜ն հեռու... այսքա՜ն անջատված...

Ես սպասում եմ ու հավատում քո վերադարձին...
Դու վերադարձար մի անգամ...
Հոգեպես...
Օգոստոսի 1...
Այս օրը պետք է հիշվի...
Դու վերադարձար, քանի որ սիրում էիր...
Դու վերադարձար կես տարի դիմանալուց հետո...
Այս անգամ էլ կվերադառնաս...
Դեմ առ դեմ կկանգնեք... Ու թող լաց լինենք, միայն, թե իրար գրկած... երջանկությունից...

Դու հետ կգաս քո մեկ ու կես տարի առաջվա կյանք...

23.00
Աչքերս փակվում են, չնայած սովոր եմ միշտ ուշ քնել...
Այսօր հոգնել եմ, ինչպես վերջին անգամ, երբ լաց եղա...
Չգիտեմ ինչու... ինչից...
Ես լաց եղա երևի, որ գիշերը կարողանամ քնել...
..
Բավականին ուշ է քեզ զանգելու հանար... դու շուտով անգամ կարթնանաս...
Երևակայելու բան է սիրված լինելը...
Ինքդ քեզ համոզում ես ու վերջ...
Ժպտում եմ..

Ջնջած օրացույցներիցս մեծ պաստառ կպատրաստեմ, երբ գաս, կնվիրեմ քեզ, իսկ երբ միասին ապրենք, կխփեմ մեր սենյակի պատին...
Թող հիշվի...
Հետո մի ուրիշ օրացույց կվերցնեմ, հենց այդ տարվանը...
Ասենք՝ 2016 թվական...
Ու մինչ խոր ծերություն, մինչ մահ կջնջեմ` այս անգամ մեր միասին ապրած կյանքը...
Գուցե ավանդույթ դառնա... ո՞վ գիտի... :)

Արդեն բավականին ուշ է չքնելու համար... ստիպված եմ անջատել սենյակս ջերմացնող միակ լույսը ու փակել աչքերս...

12.00 
Ջնջվում է օրացույցից ևս մեկ օր...