Ոչ մի իշխանություն չի կարող «հանձնել Ղարաբաղը»


13:00 , 12 օգոստոս, 2013

ԵՄ-ի և Հայաստանի միջև Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախաստորագրմանն ընդառաջ Հայաստանում կրկին ակտիվացել են «Ղարաբաղի մոտալուտ վաճառքի» մասին թեզի շրջանառման փորձերը:
Հատկանշական է, որ այս թեզը շրջանառության մեջ է դրվել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:
Միանշանակ կարելի է պնդել, որ քանի Ղարաբաղի հարցը վերջնական լուծում չի ստացել, այս թեզն անընդհատ շրջանառվելու է:
Ի դեպ, 1990-ականներին` պատերազմի ավարտից հետո, հասարակության մեջ (միգուցե ուղղորդված ձևով) ձևավորվեց մի զանգված, որը Հայաստանի բոլոր անհաջողություններն ու դժվարությունները կապում էր Ղարաբաղի հետ` համարելով, որ «մեզ Ղարաբաղը պետք չէ, ու ստեղծված իրավիճակից բարեհաջող դուրս գալու միակ ելքը ուղղակի Ղարաբաղի հանձնումն է»: Այս թեզն այնքան պրիմիտիվ է ու հեռու իրականությունից, որ նույնիսկ չարժե լուրջ դիտարկման ենթարկել:

Բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թե այս կամ այն իշխանությունը ընդունակ է «հանձնել Ղարաբաղը», կարելի է հակադարձել միայն մեկ նախադասությամբ. քանի ժողովուրդն ինքը չի ցանկանում «Ղարաբաղը հանձնել», ոչ մի իշխանություն ի զորու չէ այնպիսի քայլերի գնա, որը կնշանակի «Ղարաբաղի հանձնում»: Իսկ այն, որ հայ ժողովուրդը ոչ միայն չի ցանկանում, այլև ամեն ինչ անում է Արցախի պետականության ամրապնդման ու հզորացման համար, ուղղակի ակնհայտ է:
Երկրորդ, «Ղարաբաղը հանձնելու» մասին թեզը շրջանառողները անհարգալից վերաբերմունք են դրսևորում Արցախի` որպես անկախ պետության և այնտեղ ապրող քաղաքացիների նկատմամբ: Քանզի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում ընկած է արցախցու կամքը, առանց որի անհնար է պատկերացնել Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը:

Ի վերջո, ինպե՞ս կարող է Հայաստանի իշխանությունը հանձնել մի բան, ինչն իրեն չի պատկանում: Արցախի ազատագրումն ու անկախության գործընթացը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է, և որևէ իշխանություն կամ անհատ անկարող է այնպիսի որոշում ընդունել, որը կհակասի հայ ժողովրդի կամքին:
Եթե որոշ շրջանակներ կարծում են, թե «Ղարաբաղի հանձնման» մասին լուրերով կարող են ինչ-ինչ քաղաքական խնդիր լուծել, ապա պետք է գիտակցեն, որ այս թեզի շրջանառմամբ ոչ թե հարված են հասցնում իշխանությանը, այլ Արցախին և ողջ հայ ժողովրդին: