10:38 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հայաստանը պետք է ունենա պահուստներ ֆորսմաժորային իրավիճակներում պարենային և էներգետիկ խնդիրների առջև չկանգնելու համար: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա նշեց, որ պահեստային ռեսուրսներ ունենալը ցանկացած երկրի համար չափազանց կարևոր ինստիտուտ է: Սակայն, ըստ նրա, ՀՀ պահուստային ռեսուրսների մասին այս պահի դրությամբ խոսելն առնվազն ծիծաղելի կլինի, քանի որ ՀՀ-ն այնպիսի խոցելի վիճակում է և այնպիսի կառավարում ունի, որ հնարավոր չէ այդ համակարգի ներդրումն ուրվագծված պատկերացնել:
«Ես դեռևս հիշում եմ, որ կենտրոնացված տարիներին՝ ԽՍՀՄ տարիներին ցանկացած տարածաշրջան, էլ չեմ ասում, առանձին հանրապետություններ, ունեին ռեզերվներ, պահուստներ, որոնք ֆորսմաժորային իրավիճակում, արտակարգ իրավիճակում ամեն պարագայում երկրի կայունությանը սպառնացող իրավիճակի դեպքում օգտագործվում էին, բայց Հայաստանում վաղ է այդ սիստեմը պատկերացնելը»,- մեկնաբանեց Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ բազմիցս էին հնչում մտավախություններ, թե պատերազմի հետևանքով փակված վրացական ճանապարհները խնդիրներ կստեղծեն Հայաստանի պարենային, էներգետիկ անվտանգության համար, քանի որ Հայաստանը մեծ դժվարությամբ էր կարողանում Վրաստանի տարածքով ներմուծել ռազմավարական նշանակության ապրանքներ՝ ցորեն, վառելիք և այլն։