10:10 , 12 օգոստոս, 2013![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Ինչպես գիտեք, վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ հանդիպման հեռանկարից: Պուտինի հետ հանդիպումը կայանալու էր Սանկտ-Պետերբուրգում կայանալիք <<Մեծ քսանյակի>> գագաթնաժողովի շրջանակներում: Սա բավականին կոշտ, լուրջ, վճռական որոշում է և շատերի գնահատմամբ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գրեթե մոտեցել են լուրջ առճակատման, նոր սառը պատերազմի ժամանակահատվածի:
Այս լարվածությունը բնականաբար որոշակի հետևանքներ կունենա Հայաստանի, Արցախի և նրանց շուրջ ընթացող խնդիրների վրա: Այն առաջնահերթ ազդեցություն կունենա հենց հարավկովկասյան տարածաշրջանի վրա, իր բազմաշերտ պրոբլեմներով` աշխարհաքաղաքական, պատմական, տնտեսական, ազգամիջյան, տարածքային, ինքնորոշման հակամարտությունների և խնդիրների առկայությամբ, հավելած Իրանն ու նրան հարակից տարածաշրջանը…Այս ամենին գումարվում է Ադրբեջանի օրեցօր աճող ռազմական հզորությունը, սերտ համագործակցությունը Թուրքիայի և ջերմացող հարաբերությունները Ռուսաստանի հետ, առաջիկա նախագահական ընտրությունները, հնարավոր քաղաքական զարգացումները, դրա հետ կապված հոխորտանքները պատերազմի, <<գրավյալ>> տարածքները վերադարձնելու մասին կոչերը…Եվ ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե վաղը, մեկ ամիս, մեկ տարի հետո ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, թե մեզ ուր կտանի Ռուսաստանի ակնհայտ խանդը Ասոցացման համաձայնագրի հետ կապված, թե այս անգամ նա ինչ կհրահրի, ինչ հետևանքներ կունենա մեզ համար այդ ամենը:
Ինչևէ, այս իրավիճակում Արցախի համար շահեկան է ամեն գնով գոնե առայժմ պահպանել ստատուս-քվոն: Եվ ի վերջո, իմ կարծիքով, քանի դեռ հայանպաստ լուծում հնարավոր չէ, որքան ուշ լուծվի Արցախի հարցը, պահպանվի ստեղծված կարգավիճակը, այնքան մենք կշահենք: Աստիճանաբար ամբողջ աշխարհը <<հաշտվում է>> այդ մտքի հետ, և որ ամենակարևորն է , Հայաստանում, Ղարաբաղում ծնված, մեծացած, այս վայրերից հեռացած ադրբեջանցիների թիվը տարեց տարի նվազում է, նվազում է ագրեսիվությունը, բնականաբար նվազում <<պահանջատերերի>> թիվը:
Մի քսան-երեսուն տարի հետո, ընդհանրապես նրանց սերունդները այն կարոտախտով և ագրեսիվությամբ չեն ձգտի Արցախի կամ Քարվաճառի հողերը վերադարձնել, ինչպես նրանց հայրերը կամ պապերը:
Ամեն դեպքում, ստեղծված իրողությունների շրջանակում այլ իրավիճակ առայժմ շահեկան չէ: Ավելի լավ է մի տաս-քսան տարի էլ պահպանել ստատուս-քվոն, քան տաս-քսան ժամ պատերազմել…