4 քայլ բնական արևայրուք ստանալու համար


13:43 , 11 օգոստոս, 2013

Cosmo.am-ը գրում է.

Արևայրուքի նմանակումն այն տարածված միջոցն է, որը թարմացնում է՝ միաժամանակ չվնասելով քո մաշկը: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է գեղեցիկ ոսկեգույն արևայրուք ստանալ դեմքի և ողջ մարմնի վրա, իսկ դիմահարդարումն այդ ընթացքում անտեսանելի ու բնական տեսք կունենա:

Նախապատրաստում: Այսօր դիմահարդարման միջոցներ արտադրող ընկերություններն ունեն երանգաքսուքների այնպիսի առաջարկներ, որոնք արևայրուքի պես ոսկեգույն երանգ հաղորդելով մաշկին՝ միաժամանակ խնամում են այն, բավարար չափով խոնավեցնում ու պաշտպանում քաղաքային թեժ արևի վնասակար ազդեցությունից:

Բացի այդ, երանգաքսուքի շնորհիվ ոսկեգույն փայլով դիմափոշին ավելի հարթ կնստի մաշկի վրա: Իսկ մարմնի բրոնզանտն օգտագործելուց առաջ պետք է պարտադիր սկրաբով խնամել մարմնի մաշկը, հեռացնել էպիդերմիսի չորացած մասնիկերը: Հակառակ դեպքում` ծնկների, արմունկների հատվածում քսուքն ավելի արագ կներծծվի և պահանջվածից մուգ նրբերանգ կստանա:

Միայն դրանից հետո կարող ես մարմնի համար նախատեսված երանգաքսուք կամ ոսկեգույն ցողաշիթ օգտագործել: Ի դեպ, վերջինիս դեպքում արևայրուքն ավելի հարթ շերտով կստացվի և չի ծանրացնի մաշկը: Այն նաև ավելի արագ է ներծծվում և հետքեր չի թողնում հագուստի վրա:

Եվ այսպես, ի՞նչ անել, որ քո դեմքը փայլի:

1. Դեմքի մաշկի թերությունները վերացնելու համար լույսն անդրադարձնող քողարկող քսուքը պետք է քսել աչքերն ամփոփող մաշկի և շուրթերի անկյունների վրա:

2. Երանգաքսուքից հետո կարելի է բարակ շերտով նրբորեն քսել ոսկեգույն դիմափոշի:

3. Բրոնզագույն դիմափոշու ավելի բաց երանգով առանձնացրու T-հատվածը, այստեղ դեմքն ամենաարագն է մգանում, սակայն հենց այստեղ էլ դեմքի մաշկը բնականից ամենաբաց երանգն ունի:

4. Եվ ամենավերջում, թեթևորեն դեմքիդ ուրվագիծն ընդգծիր ավելի վառ գույնի դիմափոշու օգնությամբ: Այդպես կշեշտես դիմագծերի ռելիեֆն ու դիմահարդարումն ավելի բնական տեսք կստանա:

Cosmo խորհուրդ

Մի փոքր դիմափոշի պետք է քսել նաև պարանոցի և լանջաբացվածքի շրջանում, այլապես բնական արևայրուք ստանալու քո բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: