50 դրամի պարագայում հաղթեցինք, իսկ երբ մեզանից միլիարդներ ե՞ն գողանում…


12:52 , 11 օգոստոս, 2013

Replik.am-ը գրում է.

«Եթե մենք թասիբ ունենայինք, մի քանի հազար սրիկաներ կոռումպացված չէին լինի և չէին լողա իրենց հարստության մեջ»: Եթե մեզանից որոշ պետական չինովնիկներ ատկատների և այլ հնարքների շնորհիվ միլիարդների հասնող գումարներ չգողանային, մենք չէինք հայտնվի այնպիսի վիճակում, որ ստիպված լինեինք 50 դրամի համար այդքան աղմուկ բարձրացնեինք… Հարգելի՛ ընթերցողներ,այո՛, ինքնաբուխ շարժումը հասավ նրան, որ տրանսպորտի սակագինը 100 դրամից չդարձավ 150 դրամ (համենայնդեպս այդ որոշումը կասեցվեց) և դա միանշանակ կարելի է համարել աննախադեպ երևույթ, քանզի առաջին անգամ տարբեր խմբերին հաջողվեց թելադրել իրենց կամքը տեղական իշխանություններին: Սակայն, ինչպես Էյնշտեյնն է ասում, ամեն ինչ համեմատական է: Եկեք միասին դիտարկենք , թե ինչ շահեցինք և ինչ կկորցնեինք ամեն օր. եթե աստված մի արասցե այդ որոշումը չկասեցվեր, մենք՝ քաղաքային տրանսպորտից օգտվողներս, ամսեկան կտրվածքով կկորցնեինք 5-6 հազար դրամ: Հիմա եկեք պատկերացնենք՝ ինչքան ենք մենք կորցնում, երբ ատկատների, կաշառքների, կամ այլ հնարքների տեսքով մեր որոշ չինովնիկներ թալանում են հայրենի բյուջեն: Չգիտես թե ինչու, մեզ մոտ այնպիսի կարծրատիպ է գործում, որ եթե կոռումպացվածը թալանում է երկիրը, ապա դա մեզանից չի գողանում, այլ գողանում է զուտ պետությունից: Ե՞րբ ենք մենք ի վերջո գիտակցելու, որ երբ լսում ենք, թե Մ… ձեռնարկությունը պետական տենդեր է շահել և այդ տենդերը շահել է կաշառքի միջոցով, դա անմիջապես մեզ է վերաբերում, ե՞րբ ենք մենք հասկանալու, որ եթե այդ գումարները չփոշիանան, կբարձրանան թոշակները, կբարձրանա միջին աշխատավարձի սանդղակը, առողջապահական համակարգը հասանելի կլինի անապահովներին… Չէ՞ որ, եթե Ն… պաշտոնյան դղյակներ է կառուցում, իր պապու թողած կտակով չի կառուցում, այլ կառուցում է իմ, քո, մյուսի գումարներով:

Հ.Գ. Ա՛յ, եթե մեզ հաջողվի վերացնել այս արատը, եթե մեզ հաջողվի հասնել նրան, որ ժողովրդական ընդվզման արդյունքում հազարավոր կոռումպացված սրիկաներ հայտնվեն բանտերում, եթե մեզ հաջողվի երկրում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ չինովնիկը գողանալուց առաջ մտածի, որ այդ քայլին գնալով նա կդառնա ոչ միայն հանցագործ, այլ ժողովրդի աչքում կդիտվի, որպես ազգի դավաճան (քանզի թալանել այս խեղճ երկիրը միայն հարիր է նրանց, ովքեր ազգի դավաճան են, ովքեր ատում են այս երկիրը), այդ դեպքում մենք կարող ենք ասել՝ մենք հաղթել ենք, իսկ հիմա, ըստ իս, մենք ունեցել ենք թեթև հաջողություն… 

Կարեն Թումանյան