13:09 , 11 օգոստոս, 2013
մեր մուտքի ուղիղ դեմ դիմաց գտնվող հարևանիս ահից վախենում էի մտնել կլոր 20 քմ մակերեսով աշխատասենյակ
որը սեփականության իրավունքով պատկանում էր զիս
չորս թերթից բաղկացած փաստաթուղթ ունեի
որտեղ սևով սպիտակով գրած էր
էդ մասին
ու որպեսզի ամեն անգամ չբացեի դարակն ու չհանեի սենյակիս անձնագիրը
հենց մուտքի վրա փակցրել էի պատճենը
որի վրա նույն երանգի սևով կաթնաթույր սպիտակի վրա գրած էր
տրվում է տաիշա աբելարին
սեփականության իրավունքով
անհատույց օգտագործման
և խելքակորույս տարատեսակ գործողությունների համար
ստորագրություն
կադաստրի հաստագլուխ պետ
ու էն օրվանից ինչ թղթի էդ կտորը կպցրել էի հարևանիս համատասխան տեղին
փորձում էի ինձ զգալ քիչ մը համարձակ
ասել է թե ինչպես ձուկը հնդկական օվկիանոսում
սակայն, ավաղ, զուր էին հույսերս
քանզի վասնզի
հենց երեկ էր
երբ առանց հրավերի ներխուժեց տունս
նայեց սերվանտի գլխին բազմած բարձրակրունկ կոշիկներիս
քիչ էն կողմ շպրտած կարճ յուբկիս
աչքերը խոլորեց վրես
մտքում պոռնիկ լինելուս մասին բացահայտ կասկածները
հերթական անգամ տվեց նույն հարցն ու աչքը գցելով սենյակիս կողմը
լուռ լքեց տունս
իսկ ավելի ճիշտ՝ շրխկացրեց դուռը
իսկ դրանից ուղիղ մեկ օր առաջ
երբ կամացուկ բացեցի մուտքի դուռն ու փորձեցի արանքից սողոսկել դուրս
չհասցրի
քանզի վասնզի
մյուս հարևանս անմիջապես բացեց դուռն
ու ծոցից հանեց 20սմ մակերեսով
ճիշտ ուղղանկյունի տետրակն ու լայն բացված աչքերիս առաջ
լուռ դրեց հերթական պտիչկան
հետո հաղթական շրջվեց թիկունքով
ու շրխկացրեց դուռը
ու արանքից սակայն
հասցրի տեսնել բաժակները
որ շարված էին խոհանոցի պատին
ուղղահայաց տնկած սեփական սենյակիս հետ ունեցած ընդհանուր միջնորմին
բաժակները հանց
որոնք չէին ենթարկվում տիեզերական ձգողության ուժին ու չէին ընկնում գետնին
բաժակները բիրտ
որոնց ահից չէի կարողանում մտնել սեփական սենյակս
բաժակները կեղտ
որոնք գրում էին տանս մեջ կատարվող ամեն շրշյունը
ու գիտեին անգամ զուգարան գնալուս ժամն ու արտաթորանքի տեսակը
բաժակները վեհ
որոնք ինքնությանս մի մասն էին
թեպետ տանել չէի կարում ինքնություն ու հայեցի բառերը
թեպետ իհարկե, ահավասիկ ու կամասիկ
բառերն այդ գտնվում էին
հայոց լեզվի բառարանում
որը դրված էր այդ նույն սենյակի մի պատին դեմ տված գրապահարանի վերևից չորրորդ դարակում
ու չհասցրի սակայն մտահայել բոլոր այս մտքերը
որն ունեցել էի
սենյակիս դռան առջև կանգնած
սիրատոչոր հայացքս առ դեպի աշխատեսենյակս
երբ հանկարծ միջնորմի միջից քծնանքի ու վատ թացքցրած խաբկանքի զգացումը երեսին
ներս ընկավ աչալուրջ հարևանս
ու կանգնելով սենյակիս ճիշտ երկրաչափական կենտրոնում
բազկատարած ձեռքերը մեկնեց դեպի զիս
արի
արի
տուն
ասաց պառավս
ու հետևից երևացին մուտքի բոլոր հարևանները
բարեկամները
աշխարհի բոլոր խմբերը
որոնք նորից տրոհված էին խմբերի
այդ խմբերի ներսում գործող ենթախմբերի ու նախաձեռնությունների
դասկարգված հազար ու մի տեսակ ենթաօրենսդրական ակտերով
ընթացակարգերով
ու զարմանազան համաձայնագրերով
միջազգային ու տեղական ակտերով
նրանց իսկ մեջ սերտաճած ու մաս կազմող բյուրոկրատական հզոր ապարատով
տարատեսակ տերմինաբանությամբ ու խրթին հասկացույթներով
արի
արի տուն
կրկնեց պառավս
իսկ ես հարցրի
միթե բաժակներն չեն ենթարկվում տիեզերական ձգողության ուժին
էդ մասին անցել էի հինգերորդ դասարանում
ու սերտել էի նաև էներգիայի պահպանման օրենքը
համաձայն որի մարդկային բոլոր էս խմբերին պետք էր ուղարկել գրողի ծոցն ու
փակել դուռը
մինչև կգտնեի սեփական խումբս