21:00 , 29 մարտ, 2021Մալհամն ամենաերկար աղի քարանձավն է աշխարհում։ Վերջերս այդ «տիտղոսը» փոխանցվել է այլ վայրի, սակայն մի քանի տարի անց կրկին վերադարձվել է Մալհամին։ Քարանձավը, որի երկարությունը 10,000 մետր է, շարունակում է աճել և զարմացնել գիտնականներին։
Առաջին անգամ Մալհամը նկատել են դեռ 1980-ականներին։ Այդ ժամանակ մի խումբ գիտնականներ ուսումնասիրում էին Սոդոմի լեռնազանգածը, որը գտնվում է Իսրայելում՝ Մեռյալ ծովի հարավ-արևմտյան ափին։ Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հանդիպել են տասնյակ աղի քարանձավերի։ Ամոս Ֆրումկինի գլխավորությամբ արշավախումբը չափումներ է կատարել և պարզել դրանց տարիքը՝ շուրջ 7,000 տարեկան։ Մալհամի երկարությունը կազմել է մոտ 5,700 մ։

Տասնհինգ տարի առաջ ռեկորդն անցավ մեկ այլ քարանձավ, որը հայտնաբերել էին Իրանում՝ Քեշմ կղզում։ Երկարությունը կազմում էր 6,600 մ։ Սակայն գիտնականները կրկին վերադարձան Սոդոմի լեռներ 2018 և 2019 թթ.՝ նոր չափումներ իրականացնելու։
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ նախորդող տարիներին քարանձավը խիստ մեծացել է։ Այդ պահին երկարությունը կազմում էր 10,000 մ։ Քարանձավին վերադարձվեց «ամենաերկար աղի քարանձավ» տիտղոսը։

Սոդոմի լեռնազանգվածն ամբողջությամբ կազմված է քարի աղից։ Տեղումներ այնտեղ հազվադեպ են հանդիպում. ողջ տարվա ընթացքում անձրև կարող է միայն մեկ անգամ տեղալ։ Նման դեպքում ջուրը քարանձավից պոկում է ողջ աղը՝ նոր տարածքներ ազատելով։ Հենց դրա շնորհիվ էլ Մալհամը շաունակում է մեծանալ։

Կատարված ուսումնասիրություններին մասնակցել են ոչ միայն իսրայելցի գիտնականներ, այլև Եվրոպայի տարբեր երկրներից մասնագետներ։ Անցկացվել է երկու տասնօրյա արշավ, որոնց ընթացքում յուրաքանչյուր օր գիտնականները գտնվել են քարանձավում և այնտեղ անցկացրել 10 ժամ։