20:20 , 10 օգոստոս, 2013Բազմաթիվ սերունդներ են բավականություն ստացել կրկեսային ակրոբատների, վայրի կենդանիների, պարանի վրայով քայլողների ու ծաղրածուների բազմատեսակ, հետաքրքիր հնարքներից: Սակայն կրկեսային կյանքում ամեն ինչ չէ, որ միշտ ուրախ ու զվարճալի է եղել: Պատմության մեջ գրանցվել են նաև սարսափելի պատահարներ, որոնց մասին էլ կպատմենք ձեզ այս հոդվածում:
10. Մերի փիղը

1916թ.-ի սեպտեմբերի 12-ին Մերի անունով փիղն իր վարժեցնող Րեդ Էլդրիջին ոտնակոխ է անում, որից հետո Էլդրիջը մահանում է: Բազմաթիվ վարկածներ կան, թե ինչու է փիղը ոտնակոխ արել վարժեցնողին. օրինակ` այն, որ Էլդրիջը փայտով խփել է փղին և կատաղեցրել նրան: Ենթադրություններից մեկի համաձայն էլ փիղն ուղղակի ձանձրույթից է նման կերպ պահել իրեն և այլն:
Չնայած Էլդրիջի հետ կատարվածը իսկապես սարսափելի էր, սակայն այն, ինչ կատարվեց փղի հետ հետագայում, միգուցե ավելի վատ էր: Թենեսիի Քինգսփոթ քաղաքի բնակիչները Էլդրիջի մահվան համար հատուցում պահանջեցին, և որոշվեց, որ Մերի փղին պետք է կախաղան հանել իր հանցանքի համար: Եվ այսպես, 1916թ.-ի սեպտեմբերի 13-ին 2500 մարդ (հիմնականում երեխաներ) է հավաքվում Մերիի մահապատժին ականատես լինելու համար: Մերիին կախաղան հանեցին արդյունաբերական ամբարձիչ կռունկից: Սակայն փղի ծանրությունից շղթան կոտրվեց, և ընկնելով նա ջարդեց իր մեջքը: Երկրորդ անգամ ավելի հաստ շղթայով կախեցին փղին և կես ժամ կախված պահելուց հետո նրան իջեցրին կախաղանից:
9. Դեսսի Էսպանա

Բուլղարական և ամերիկյան ծագում ունեցող Դեսսի Էսպանան սերում էր կրկեսային կատարողների ընտանիքից: Նա տարիների փորձ ուներ կրկեսային ակրոբատիկայի ոլորտում և նույնիսկ հասցրել է գրանցվել Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում: Ցավոք, 2004թ.-ին տեխնիկական խնդիրների ու անհաջողության հետևանքով նա դադարեցնում է իր կրկեսային կարիերան: Էսպանիան օդում շիֆոնի շարֆերով հնարքներ էր կատարում, երբ գործվածքները պահող մեխանիզմը դադարում է աշխատել, և կինը վայր է ընկնում 10 մետր բարձրությունից: Ավելի ուշ Էսպանան մահանում է իր ստացած վնասվածքների պատճառով:
8. Առյուծներ վարժեցնող Մասարտին

Մասարտին (Թոմաս Մքքարտեն) մեկ ձեռք ունեցող համարձակ առյուծներ վարժեցնող էր: 1872թ.-ի հունվարի 3-ին նա պետք է դուրս գար կրկեսի բեմ Անգլիայի Բոլթոն քաղաքում Մանդերս Մենաջերի հետ: Անհայտ պատճառներով Տիրանտ անունով առյուծը հարձակվում է Մասարտինի վրա, իսկ ներկայացման մասնակից մյուս երեք առյուծներն էլ շուտով միանում են Տիրանտին: Առյուծները Մասարտիին մասնատում են մի քանի հարյուր հանդիսատեսի աչքի առաջ:
7. Սուրբ Լյուիսի ճոճաձողի պատահարը

Ճոճաձողի վրա կրկեսային ներկայացումները թերևս ամենավտանգավորներից են և պահանջում են հսկայական ուժ ու ճարպկություն: Մարզիկի ամբողջ պատրաստվածության հետ մեկտեղ` ոչինչ հնարավոր չի լինի անել, եթե տեխնիկական մեխանիզմները հանկարծակի դադարեն աշխատել: 1872թ-ին ճոճաձողով ներկայացման աշխարհահռչակ դերասաններ Ֆրեդ Լազելը և Բիլի Միլսոնը մեծ բարձրությունից վայր են ընկնում` մեխանիզմի աշխատանքի ձախողման հետևանքով: Ցավոք, մարմնամարզիկ Ջորջ Նորթը կանգնած էր ճոճաձողի ներքևում, երբ այն վայր է ընկնում: Արդյունքում բոլոր երեք տղամարդիկ վնասվածքներ են ստանում: Միլսոնը կողային կոտրվածքներ է ստանում, իսկ Նորթը` ներքին օրգանների վնասվածքներ:
6. Դուլութի կախաղանը

1920թ.-ի հունիսի 14-ին Ջեյմս Ռոբինսոնի կրկեսը ժամանում է Մինեսոտա` Դուլութ: Տասնիննամյա Իռեն Թուսկենը և տասնութմյա Ջեյմս Սուլիվանը հետևում էին, թե ինչպես են աֆրոամերիկացի կրկեսային աշխատողները տեղափոխում կրկեսային վագոնների բեռները: Ավելի ուշ` նույն օրը գիշերը, Թուսկանը պնդում է, թե կրկեսային այդ աշխատակիցներից 6-ը հրազենով վախեցնելով բռնաբարել են իրեն: Ոստիկանությունն արագ ձերբակալում է այդ վեց աշխատակիցներին, ովքեր մեղադրվում էին հանցանքի մեջ:
Շուտով հինգ հազարից տասը հազար մարդկանց ամբոխ է հավաքվում բանտի մոտ, ուր և ներխուժելով ամբոխը բռնաբարության մեջ մեղադրվող Էլիս Քլեյթոոնին, Էլմեր Ջեքսոնին և Իսահակ Մքղիին ծեծելով քարշ է տալիս Առաջին փողոց և Երկրորդ պողոտա, որտեղ էլ սպանում են նրանց կախելու միջոցով:
5. Թռչող Ուոլենդաները

Թռչող Ուոլենդաները կրկեսային հին ընտանիքներից մեկն էր, որտեղ կրկեսային արվեստով էին զբաղվում Կարլը, նրա կին Հելլեն Քրեյսը, եղբայրը` Հերմանը, ընտանիքի ուրիշ անդամներ: Կարլ Ուոլենդանն առաջինն է դուրս գալիս նրանց պատրաստած վտանգավոր համարը ներկայացնելու, որը կոչվում էր «Յոթ մարդիկ և աթոռներով բուրգը»: Համարում 10 մետր բարձրության վրա գտնվող պարանների վրա բրգաձև դասավորված աթոռներին պետք է կանգնեին Ուոլենդաները` առանց անվտանգության համար նախատեսված մեխանիզմների:
Ուելանդաները հմուտ էին իրենց գործում և բավականին խիզախ, սակայն 1962թ.-ին ամեն ինչ սխալ հունով գնաց: Առաջնորդող մասնակիցը սկսում է ճոճվել` կորցնելով հավասարակշռությունը, որի արդյունքում երեք մարդ վայր է ընկնում բարձրությունից: Կարլ Ուոլենդայի փեսա Ռիչարդ Ֆոգնանը և Ուոլենդայի եղբորորդի Դայթեր Շեփը տեղում մահանում են, իսկ Ուոլենդաների որդեգրված տղան` Մարիոն, անդամալույծ է դառնում գոտկատեղից ներքև:
4. Քլիֆլենդի կրկեսի հրդեհը

Չնայած ոչ մի մարդկային զոհ չի գրանցվել, սակայն 1942թ.-ին Քլիֆլենդի կրկեսի հրդեհը սարսափելի պատահար էր, որին զոհ գնաց մոտ 100 կրկեսային կենդանի: Անհայտ պատճառներով առաջացած հրդեհը Րինգլինգ եղբայրների «Բարնում և Բեյլի» կրկեսի գազանանոցի մոտ էր բռնկվել: Կրկեսի աշխատակիցներն ու հանդիսատեսը կարողանում են փախչել, և ոչ մի մարդկային զոհ չի գրանցվում, սակայն հրդեհն այնքան արագ էր տարածվում, որ կենդանիներին փրկել չի հաջողվում: Վագրերի, առյուծների և զեբրերի 9 վանդակ է այրվում: Որոշ կենդանիների հաջողվում է փախչել կրակից, սակայն դրանցից 26-ն այնքան խիստ վնասվածքներ էին ստացել, որ ոստիկանները հրազենի միջոցով բոլորին սպանում են:
3. «Ուոլաս եղբայրներ» կրկեսի գնացքների վթարը

1903թ.-ին Ուոլաս եղբայրների կրկեսի երկու առանձին գնացքներ բախվում են իրար: Առաջին գնացքը դանդաղեցրել է իր ընթացքը, ու չնայած երկրորդ գնացքի վարորդը նկատել է առաջինի զգուշացման լույսերը, սակայն արգելակները չեն աշխատել, և գնացքները բախվում են: Կրկեսի 30 աշխատակիցներ զոհվում են, 27-ը` վնասվածքներ ստանում: Բախման հետևանքով նաև կենդանիներ են զոհվում` ներառյալ արաբական ձի, երեք ուղտ, Մաուդ անունով փիղ և մի մեծ դանիական շուն:
2. 1918թ.-ի Հագենբեք-Ուոլասի գնացքի վթարը

1918թ.-ի հունիսի 22-ին Հագենբեք-Ուոլաս կրկեսը երկաթուղով տեղափոխվում էր Ինդիանայի Համոնդ բնակավայր: Գիշերելու համար գնացքը կանգնեցվել էր, և կրկեսային դերասանները քնած էին գնացքի փայտյա վագոններում: Ժամը 4-ին Միչիգանի Կենտրոնական երկաթուղու գնացքը բախվում է կրկեսի կանգնեցված գնացքին` գնացքի վարորդ Ալոնսո Սարջենթի` ղեկին քնելու հետևանքով: Արդյունքում 86 մարդ մահանում է, իսկ 127-ը` ստանում վնասվածքներ:
1. Հարթֆորդ կրկեսի վթարը

1944թ.-ի հուլիսի 6-ին փոքր հրդեհ է բռնկվում Րինգլն եղբայրների «Բարնում և Բեյլի» մեծ կրկեսի վրանի հարավարևմտյան անկյունում: Վրանը ջրից պաշտպանելու համար այն պարաֆինի մոմով և բենզինով էին պատել, որի պատճառով կրակը սկսեց արագ տարածվել: Յոթհազարանոց հանդիսատեսի ամբոխը խուճապահար վազում էր դեպի ելքը: Սակայն ելքերից երկուսը փակված էին կենդանիներին ներս բերելու համար նախատեսված թեք հարթակներով: Բազմաթիվ մարդիկ խուճապից, շտապողականությունից ու ելքերի փակ լինելու պատճառով ուղղակի ոտնակոխ եղան, իսկ հրդեհի արագ բռնկումից էլ շատերն ուղղակի այրվեցին, մի մասն էլ ծխից շնչահեղձ եղավ: Արդյունքում մոտ 169 մարդ է զոհվում, իսկ 700-ից ավելին` ծանր վնասվածքներ ստանում: