17:59 , 10 օգոստոս, 2013
Aysor.am-ը գրում է.
«Շարուր-Դարալագյազը Նախիջևանի Ինքնավար մարզի հյուսիսային հատվածում է գտնվում և Շարուր-Դարալագյազը պատմական հայկական տարածքներ են»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների Շարուր-Դարալագյազի տարածքների վերաբերյալ տարածած տեղեկատվությանը ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նա նշեց, որ Շարուրը դա պատմական Վասպուրական գավառի մի հատվածն է, իսկ Դարալագյազը`Սյունիքի գավառներից մեկն է հանդիսացել:
«Նախիջևանը եղել է Վասպուրականի թագավորության մի մասը, Նախիջևան`այսինքն Նոյի իջևանելու վայր, այդպես է առաջացել այդ երկրամասի անվանումը»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքերով, 1919 թ.-ի գարնանը Ալեքսանդր Խատիսյանը գնացքով ժամանել է Նախիջևան և այդ տարածաշրջանի բոլոր երևելիները իրենց հպատակությունը հայտնեցին Հայաստանի Հանրապետությանը:
«Անգլիան այդ ժամանակ, որպես Անտանտում Հայաստանի դաշնակից տվեց իր համաձայնությունը Նախիջևանը և Կարսի մարզը Հայաստանին միացնելու վերաբերյալ»,- ասաց Ա.Մելքոնյանը:
Ըստ նրա, Նախիջևանը Հայաստանին պատկանելու վերաբերյալ 1920թ.-ի նոյեմբերի 30-ի`Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հեռագրել է Հայաստանի Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանին այն մասին, որ Նախիջևանը, Ղարաբաղը և Զանգեզուրը այսուհետ վիճելի տարածքներ չեն և պատկանում են Հայաստանին:
«Խորհրդային Ադրբեջանը Ղարաբաղը, Զանգեզուրի և Նախիջևանի հետ միասին ճանաչել է որպես Խորհրդային Հայաստանի մաս»,-նշեց Մելքոնյանը:
Նա նշեց, որ 1920թ.-ի աշնանը Նախիջևանը օկուպացվեց քեմալական զորքերի կողմից և Թուրքիան ամեն ինչ արեց, որ այդ տարածքը փոխանցվեր Ադրբեջանին:
«1921թ.-ի մարտի 16-ի խորհրդա-թուրքական պայմանագրի 3-րդ կետի համաձայն Նախիջևանը նրանք հանձնում էին Խորհրդային Ադրբեջանին, պայմանավ, որ Ադրբեջանը Նախիջևանը չհանձներ 3-րդ կողմին, այսինքն Հայաստանին»,-ասաց պատմաբանը:
Նրա խոսքերով, 1905, 1918 և 1920թթ.-ին Նախիջևանում տեղի էր ունեցել հայ բնակչության ահավոր կոտորածներ և Նախիջևանը ամբողջովին մաս կազմեց Ադրբեջանին:
«1920թ.-ի օգոստոսի 10-ի Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագրով 11-րդ կարմիր բանակի զորքերը օկուպացնում էին Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը և դրանք համարվում են վիճելի տարածք: Ադրբեջանին հանձնելու մասին խոսք լիներ չէր կարող, ընդհակառակը, դրան հետևեց Նարիմանովը հայտարարությունը, որ այդ տարածքները այլևս վիճելի չեն, քանի որ Հայաստանը խորհրդային է դարձել»,- ասաց բանախոսը:
Հիշեցնենք, որ 1828 թվականին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Շարուրը Նախիջևանի մյուս գավառների հետ մտել է Ռուսաստանի կողմից կազմված Հայկական մարզի, ապա՝ 1849 թվականին Երևանի նահանգի մեջ, իսկ 1875 թվականին Վայոց ձորի հետ միասին կազմել է Շարուր-Դարալագյազի գավառը, որը փաստորեն պահպանվեց մինչև 1918 թվականը։
Նախիջևանի խորհրդայնացումից և 1924 թվականին այն որպես ինքնավար հանրապետություն կազմավորվելուց հետո՝ մինչև 1930 թվականը, պատմական գավառի տարածքը 1316 կմ² մակերեսով կոչվել է Շարուրի շրջան, 1930-1966 թվականներին Նորաշենի շրջան, իսկ 1966 թվականին այն վերանվանվել է Իլյիչի շրջան։
1991 թվականի փետրվարի 28-ին Իլյիչի շրջանը վերանվանվել է Շարուրի շրջանի և կազմել Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մասը։