Գաղտնի ծածկագրերի արմատները տանում են դեպի ցեղասպանություն


16:41 , 10 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Թուրքագետ Արտակ Շաքարյանը համոզված է, որ հայերի նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի արմատները տանում են դեպի 1915 թվականի հայկական ցեղասպանությունը: Այսկերպ է նա մեկնաբանում նաեւ  «Ակոս» պարբերականին Թուրքիայի ներքին գործերի նախարարության  կողմից արված պաշտոնական մեկնաբանությունը, որ 1923-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր են նշվել, որի համաձայն  hայերի համար սահմանված է «2» թիվը, հույների համար` «1», հրեաների`«3»:

«1915 թվականին, երբ արդեն ցեղասպանության գործողությունները սկսվել էին, բոլորս գիտեինք, որ հայերին առաջարկում էին երկընտրանք՝ կամ սպանվել, կամ դառնալ մահմեդական: Այն հաշվարկներով, որ մուսուլմանացած հայերն ավելի հեշտ կձուլվեն ու այսպես կկոտորվեն ու կոչնչանան:

Եւ զարմանալիորեն շատ արեւմտյան հյուպատոսներ գրում են նամակներ, որ հայերը հերթեր են կանգնում մահմեդական դառնալու համար: Ուստի թուրքական պետությունը, հասկանալով, որ այսքան մեծ քանակով մարդկանց մահմեդականացումը ոչ այլ ինչ է, քան պարզապես Վարդան Մամիկոնյանի փորձարկած առերես կրոնափոխությունը, այն նպատակով, որ ի վերջո մի օր կգան դարձի, 1915 թվականի արդեն հուլիսի 1-ին հատուկ հեռագրով արգելեց հայերի մահմեդականացումը: Արդեն հաջորդ տարի, երբ կոտորածի մեծ մասը տեղի էր ունեցել, կրկին հայերին թույլատրվում է փոխել կրոնը:

Բայց ամեն դեպքում, հաշվի առնելով հայերի կողմից զանգվածաբար իսլամի ընդունումը, ընդունվեց հատուկ որոշում, որ կրոնափոխ մահմեդականները տեղաշարժվելու իրավունք չունեն վիլայեթից վիլայեթ, ու հայերն այդ իրավունքը ստանում էին միայն Ստամբուլից եկող թույտվությամբ ու անձնագրի հետեւում կնիք էին խփում: Այսինքն ով նման կնիք ուներ, նա լիարժեք մահմեդական չէր»,- ասում է Շաքարյանը:

Շաքարյանը համոզված է, որ Թուրքիան մնում է նույն մտածելակերպով, եւ եթե միջազգային իրադրությունը փոխվի եւ ստեղծվի առաջին համաշխարհային պատերազմի նման խառը իրավիճակ, թուրքերը չեն երկմտի ու կփորձեն ավարտին հասցնել ցեղասպանությունը: