18:00 , 10 օգոստոս, 2013Քաղաքացիական պատերազմները վկայում են այն մասին, որ անգամ այն ազգերը, որոնք ունեն ընդհանուր մշակույթ, պատմություն և էթնիկական ծագում, կարող են զգալիորեն տարբերվել միմյանցից: Քաղաքացիական պատերազմները շատ դեպքերում զուգակցվում են ցեղասպանության հետ: Շատ մարդիկ այն համարում են պատերազմի ամենաամոթալի տեսակը, իսկ Ֆրանսու Ֆենելոնը գտնում էր, որ բոլոր պատերազմներն էլ քաղաքացիական պատերազմներ են, քանզի բոլոր մարդիկ եղբայրներ են:
Բոսնիայի պատերազմ
1992-1995

Բոսնիայի պատերազմը դաժան և բարդ հակամարտություն էր, որը հաջորդեց Եվրոպայում կոմունիզմի անկմանը:
1991թ.-ին Բոսնիան և Հերցոգովինան միացան նախկին Հարավսլավիայի մի քանի հանրապետություններին և հռչակեցին իրենց անկախությունը: Սրա հետևանքով քաղաքացիական պատերազմ բռնկվեց, որը տևեց չորս տարի: Բոսնիայի բնակչությունը կազմված էր մուսուլման բոսնիացիներից, ուղղափառ սերբերից և կաթոլիկ խորվաթներից: Բոսնիայի սերբերը 1992 թ. ապրիլի սկզբներին պաշարեցին Սարաևո քաղաքը: Նրանց թիրախը հիմնականում մուսուլման բնակչությունն էր, սակայն ավելի քան երեք ու կես տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեցին Բոսնայի թե՛ սերբ, թե՛ խորվաթ և թե՛ մահմեդական բոսնիացի բնակիչներ:
Խորվաթ և սերբ ազգայնական ուժերը երկուստեք դաժան «էթնիկ զտումներ» իրականացրին: 1995թ. ՄԱԿ-ի ջանքերի շնորհիվ հաշտության համաձայնագիր կնքվեց բոլոր կողմերի միջև: Պատերազմի պատճառած վնասների չափը տարբեր աղբյուրներում տարբեր է:
Նիգերիայի քաղաքացիական պատերազմը
1967-1970

Նիգերիայի քաղաքացիական պատերազմը ծագեց Նիգերիայի տարբեր ժողովուրդների միջև տնտեսական, էթնիկ, մշակութային և կրոնական կոնֆլիկտների հետևանքով: Նիգերիան իմպերիալիզմի արհեստական կառույց էր, որը ստեղծվել էր բրիտանացիների կողմից, ովքեր անտեսել էին կրոնական, լեզվական և էթնիկ տարբերությունները հետագայում անկախացած իրենց գաղութի սահմանները գծելիս:
1960թ. Նիգերիան Բրիտանիայից անկախացավ: Քաղաքացիական պատերազմը սկսվեց 1967թ. հուլիսի 6-ին, երբ Նիգերիայի զորքերը շարժվեցին դեպի Բիաֆրա: Նիգերիայում բնակվում էին մոտ 300 տարբեր էթնիկ և մշակութային խմբեր, որոնց ներկայացուցիչների ընդհանուր թիվը 60 միլիոն էր: Պատերազմի հետևանքով Նիգերիան կրեց բազում մարդկային և նյութական վնասներ: Հակամարտության ընթացքում գրանցվել է մինչև 3 միլիոն զոհ:
Հարյուրօրյա պատերազմ
1899-1902

Հարյուրօրյա պատերազմը կոլումբիական քաղաքացիական պատերազմն էր Պահպանողական և Լիբերալ կուսակցությունների միջև: Այս պատերազմի արդյունքում գրանցվեց ավելի քան 100.000 զոհ, եղան նաև տնտեսական կորուստներ:
Լիբերալ կուսակցությունը սուրճի ֆերմաների տերերի և հարուստ վաճառականների շահերն էր ներկայացնում: Նրանք գտնում էին, որ կառավարությունը չպետք է խառնվի ձեռներեցների գործերին: Պահպանողական կուսակցության` 1885թ.-ին տարած հաղթանակի արդյունքում լիբերալները արդեն նախկին ուժը չունեին: Նրանց համար մեծ շոկ էր սուրճի գների իջեցումը, քանզի նրանց շարքերում էլ շատ էին մարդիկ, ովքեր սուրճի բիզնեսով էին զբաղվում:
Հաջորդ երեք տարիներին անկազմակերպ, սակայն կատաղի պատերազմ էր ընթանում գյուղական տարածքներում: 1902թ.-ին պահպանողականները առաջարկեցին քաղաքական բարեփոխումներ և համաներում կիրառեցին:
Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմը
1983-2009

2011թ. ապրիլին ՄԱԿ-ը զեկույց հրապարակեց մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք գրանցվել էին Շրի Լանկայի` շուրջ 27 տարի տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում: Այդ պատերազմում զոհվեց ավելի քան 100.000 մարդ: Պատերազմող կողմերն էին Թամիլ Իելամի Ազատագրման վագրերը և տեղական կառավարությունը: Նվազագույնը 40,000 քաղաքացի զոհվեց պատերազմի վերջին հինգ ամիսների ընթացքում: Պատերազմն ավարտվեց 2009թ. մայիսին, երբ վագրերը տեղի տվեցին:
Տեղացիների մեծամասնությունը ուրախությամբ ընդունեց քաղաքացիական պատերազմի ավարտը: Թեպետ պատերազմն ավարտվել է, դեռևս չի հաստատվել օրենքի գերակայություն, և պատերազմի ընթացքում արձանագրված օրինախախտումների պատշաճ հետաքննություն չի իրականացվել: 2013թ. փետրվարի 12-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նավի Փիլեյը նշել է, որ Շրի Լանկան հավատարիմ չէ իր խոստմանը և ձախողել է մարդու իրավունքների բնագավառում բարեփոխումների իրականացումը: Այն նաև չի հետաքննել պատերազմական հանցագործությունները:
Անգոլայի քաղաքացիական պատերազմ
1975-2002

Անգոլայի ժողովուրդը խիզախորեն պայքարում էր բռնատիրության դեմ և ձգտում իմպերիալիստ ղեկավարներից անկախություն ձեռք բերել: Ցավոք, Անգոլայի անկախացումից անմիջապես հետո նոր ղեկավարությունը ևս զավթողական քաղաքականությունը որդեգրեց: Թվում էր, թե քաղաքացիական պատերազմն անխուսափելի է:
Այս պատերազմի հիմնական դրդապատճառը իշխանակռիվն էր Հանուն Անգոլայի Ազատագրման Ժողովրդական Շարժման և Հանուն Անգոլայի Լիարժեք Անկախության Ազգային Միության միջև: Այն պատմության ամենաարյունալի և ամենաձգձգված քաղաքացիական պատերազմներից մեկն է: Այս պատերազմը տևել է մոտ քսանյոթ տարի:
Պատերազմը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ 1975թ.-ին Անգոլան անկախացավ Պորտուգալիայից: Այն ավարտվեց 2002թ.-ին, երբ Հանուն Անգոլայի Լիարժեք Անկախության Ազգային Միության ղեկավարը գնդակահարվեց կառավարական զորքերի կողմից, ինչից հետո երկու կողմերը զինադադարի համաձայնություն կնքեցին: Դրան հետևեցին ընտրությունները: Պատերազմը հանգեցրեց տնտեսական ճգնաժամի: Այս պատերազմում զոհվեց մոտ 500.000 մարդ:
Շարունակելի...