Գերմանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ


19:15 , 20 մարտ, 2021
Հարյուրավոր ցուցարարներ շաբաթ հավաքվել են Գերմանիայի մայրաքաղաքի խորհրդանիշ Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կառավարության վարած քաղաքականության դեմ:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ուլտրաաջ շարժման մի շարք ներկայացուցիչներ ծածանում են գերմանական կայսրության դրոշները: Ցուցարարներից շատերը չեն հետևում դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու ռեժիմին: Ոստիկանները փակել են ցույցի անցկացման վայր տանող փողոցի հատվածը և այնտեղ անցնել թույլատրում են հիմնականում լրագրողներին միայն:

Նշվում է, որ Բրանդենբուրգյան դարպասների մյուս կողմում պատասխան ակցիա են իրականացնում տարբեր հակաֆաշիստական կազմակերպություններ:  

Բացի այդ, նշվում է, որ Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում դարձյալ բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների: Մասնավորապես, Կասել քաղաքում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները մահակներ և պղպեղային գազ են կիրառել ցուցարարների դեմ: