20:30 , 19 մարտ, 2021Պատմական գրքերում հաճախ են նկարագրվում տարատեսակ բույրեր։ Օրինակ՝ թե ինչ հոտ ուներ օդը, ծաղիկը, օծանելիքը և այլն։ Գիտնականները որոշել են վերստեղծել հին ժամանակների բույրերը, որպեսզի հնարավոր լինի առավել լավ պատկերացնել այդ ժամանակաշրջանները։ Դա անել կօգնի արհեստական բանականությունը։
Գիտնականները նախատեսում են պատմական բույրերի ամբողջական հավաքածու ստեղծել, որը կկոչվի «Encyclopaedia of Smell Heritage»՝ «Հոտառական ժառանգության հանրագիտարան»։ Իսկ նախագիծը կանվանվի Odeuropa. Յուրօրինակ նախագծին կմասնակցեն ոչ միայն պատմաբաններ, այլև քիմիկոսներ, համակարգչային լեզվաբաններ, թանգարանագետներ, օծանագործության ոլորտի մասնագետներ և այլք։ Մասնագետների այս խումբն աշխատանքները կիրականացնի ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգնությամբ։

Գիտնականներն աշխատում են տեքստերից տեղեկատվություն հավաքելու մեթոդիկայով։ Նրանց հաջողվել է մշակել հատուկ ԱԲ գործիք, որը կօգնի այդ հարցում։ 7 լեզու իմացող արհեստական բանականությունը մեծ քանակությամբ թվայնացված տեքստեր կուսումնասիրի և դրանցից դուրս կբերի բույրերի նկարագրությունների հատվածները։
Հետազոտողները ցանկանում են վերականգնել ամեն տեսակի բույրերը՝ թե՛ հաճելի, թե՛ ոչ այնքան։ Օրինակ՝ թե ինչպես են բուրել միջնադարյան բժշկական խոտաբույսերը, ծխախոտը, շարժիչի յուղը և այլ արդյունաբերական երևույթներ։ Տվյալների բազան կազմված չի լինի միայն բույրերից. դրանք կունենան մանրամասն մեկնաբանություններ ևս, օրինակ՝ թե յուրաքանչյուր բույրն ինչ «նոտաներից» և բաղադրիչներից է կազմված։ Հանրագիտարանը գոյություն կունենա ինչպես թվային, այնպես էլ թղթային տարբերակներով։

Նկարագրվող բույրերի մի մասը մասնագետները «կվերակենդանացնեն» և կներկայացնեն դրանք թանգարաններում ու տարատեսակ այլ ցուցադրությունների ընթացքում։ Նախատեսվում է նախագծի իրականացմանն անցնել այս տարի՝ 2021-ին։ Ըստ նախնական հաշվարկների՝ աշխատանքները կտևեն շուջ 3 տարի, իսկ հանրագիտարանի արժեքը կկազմի մոտ 3 միլիոն եվրո։