Առակ մատանու մասին


17:00 , 10 օգոստոս, 2013

10 SALE Ring Vintage Whirlpool Inner Peace Asian by timegemstoneՄեկը եկավ Իմաստունի մոտ ու ասաց.

-Ես եկել եմ քեզ մոտ, որովհետև ինձ այնքան խղճուկ եմ զգում, որ ապրել չեմ ուզում: Բոլորն ասում են, որ ես անհաջողակ եմ ու հիմար: Իմաստուն, խնդրում եմ` օգնիր ինձ:

Իմաստունը նայեց երիտասարդին ու շտապ պատասխանեց.

-Ներիր, բայց հիմա շատ զբաղված եմ ու չեմ կարող օգնել քեզ: Մի շտապ գործ ունեմ, բայց եթե համաձայնես օգնել ինձ, ես էլ հաճույքով քեզ կօգնեմ:

-Հաճույքով, Իմաստուն,- մրմնջաց երիտասարդը` ցավով նշելով, որ հերթական անգամ իրեն մղում են երկրորդ պլան: Իմաստունը մատից գեղեցիկ քարով մատանի հանեց:

-Մի ձի վերցրու ու շուկա գնա: Պետք է շտապ վաճառել այս մատանին, որպեսզի պարտքս փակեմ: Բայց ոչ մի դեպքում մի ոսկե դրամից պակաս գնով չվաճառես այն:

Երիտասարդը վերցրեց մատանին ու գնաց: Հասնելով շուկա` նա սկսեց առևտրականներին առաջարկել մատանին, և նրանք սկզբից հետաքրքրությամբ ուսումնասիրում էին այն: Բայց բավական էր նրանք լսեին ոսկե դրամի մասին, միանգամից կորցնում էին որևէ հետաքրքրություն: Ոմանք բացահայտ ծիծաղում էին երիտասարդի դեմքին, մյուսները պարզապես թեքվում ու գնում էին, և միայն մի առևտրական սիրալիր բացատրեց նրան, որ ոսկե դրամը չափազանց բարձր գին է նման մատանու համար, և առավելագույնը, ինչ նա կարող է ստանալ, պղնձե կամ արծաթյա դրամն է:

Անցնելով ողջ շուկան ու ավելի քան հարյուր մարդկանց առաջարկելով մատանին` երիտասարդը հետ եկավ: Խիստ տխրած իր անհաջողությունից` նա մտավ Իմաստունի մոտ:

-Իմաստուն, ես չկարողացա կատարել ձեր հանձնարարությունը,- ասաց նա,- լավագույն դեպքում ինձ մի քանի արծաթյա դրամ էին առաջարկում: Առևտրականները վստահեցնում են, որ այս մատանին այդքան չարժե:

-Հմմ, վատ չէր լինի չէ՞ իմանալ մատանու իրական արժեքը: Իսկ ո՞վ դա կանի ոսկերչից լավ: Գնա ոսկերչի մոտ և հարցրու, թե իրականում որքան արժե մատանին:

Երիտասարդը գնաց ոսկերչի մոտ: Մատանին երկար ժամանակ ուսումնասիրելուց հետո նա հայտարարեց.

-Փոխանցիր Իմաստունին, որ հիմա 58 ոսկե դրամից ավել չեմ կարող տալ նրան, բայց եթե ինձ ժամանակ տա, ես կգնեմ այն 70-ով:

-70 ոսկե դրա՞մ,- երիտասարդն ուրախ ծիծաղեց, շնորհակալություն հայտնեց ոսկերչին ու շտապեց Իմաստունի մոտ:

-Նստիր այստեղ,- ասաց Իմաստունը` լսելով երիտասարդի պատմությունը,- և իմացիր, որդիս, որ դու էլ այս մատանու նման ես: Թանկարժեք և անկրկնելի: Եվ գնահատել քեզ կարող է միայն իսկական փորձագետը: Էլ ինչու՞ գնալ շուկա` սպասելով, որ դա կանի առաջին պատահածը: