«Ինձ հետ բավականին բարդ է». Սամվել Թոփալյանը՝ ընտանեկան խնդիրները հաղթահարելու բանաձևի, իր և որդու նմանության ու դստեր մասին


21:38 , 17 մարտ, 2021

Tert.am Life-ը գրում է.

Դերասան Սամվել Թոփալյանն ու կինը՝ Սոնան, շուրջ 8 տարի է, ինչ ամուսնացած են: Tert.am Life-ը զրուցել է Սամվելի հետ ընտանիքի, խնդիրները հաղթահարելու բանաձևի, երեխաների մասին:

Սամվելի խոսքով՝ ընտանիքն ամուր հիմքերի վրա պահելը հաճելի բարդություն է: «Պետք է շատ պարզ բաներ պահել, որ հիմքերն ամուր լինեն: Պարզ բաներ ասելով՝ ի նկատի ունեմ հարգանքը, որը պիտի լինի ցանկացած տեսակի հարաբերություններում՝ ընկերական, ծնող-երեխա: Սիրո կողքին հարգանքը շատ կարևոր է, իսկ ընտանիք պահելը երկուսի համատեղ աշխատանք է: Զիջումները, ամեն ինչ պետք է  փոխադարձ լինեն: Մեզ մոտ, փառք Աստծո, ամեն ինչ լավ է և ճիշտ»,- ասաց նա :

Ըստ դերասանի՝ ինչպես բոլոր ընտանիքներում, իրենց ընտանիքում ևս խնդիրներ լինում են, բայց կարողանում են դրանք հաղթահարել:

«Խնդիրներ հաղթահարելու ամենակարևոր կետն այն է, որ այդ խնդիրներից հետո իմ ու Սոնայի մեջ նստվածք չի մնում: Երևի, դա է պատճառը, որ խնդիրները շուտ անցնում և գնում են: Տարիների հետ խնդիրներն ավելի են քչանում, որովհետև զույգը սկսում է միմյանց ավելի լավ հասկանալ: Ինձ հետ բավականին բարդ է, զգացմունքային մարդ եմ, շատ երևույթներ, միջադեպեր ավելի սուր եմ ընդունում և ընկալում: Կարող եմ չհամբերել, սառը չդատել ու տեղում պոռթկալ: Սոնայի կողմից որպես այդպիսին բողոքներ չեն լինում, լինում են ակնարկներ, որ այդպես ճիշտ չէ»,- պատմեց նա:

Սամվելը պատմեց, որ աշխատանքային զբաղվածությունը տանը խնդիրներ է առաջացնում, որովհետև չի կարողանում երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանել, դասերը սովորեցնել:

«Հաճախ ինձ հետ փորձի կամ ստուդիա՝ ձայնագրման եմ տանում: Եթե նրանց հետ շատ ժամանակ չեմ անցկացնում, չի նշանակում, որ իմ կողմից դաստիարակությունը քիչ է տրվում: Հեռակա էլ կարող ես դաստիարակել, հեռախոսով խոսելիս ասել, որ դասերը սովորի, ինչ-որ հարցերի մասին զրուցել: Ասում են՝որդիս՝ Արմենն ինձ շատ նման է: Այն տարիքում է, որ շատ երազանքներ ունի, սուսերամարտի, բրեյք դանսի է հաճախում, փնտրտուքների մեջ է, թեև դեռ առաջին դասարանում է սովորում: Ասում է՝ ուզում է դերասան դառնալ, ես էլ փորձում եմ ցույց տալ, որ այնքան էլ հեշտ մասնագիտություն չէ: Նրա հետ «լուրջ» զրույցներ եմ ունենում, որ ինչ-որ հարցերի շուրջ ճիշտ պատկերացում ունենա: Երբ սխալ է թույլ տալիս կամ ես ինչ-որ բան եմ արգելում, բացատրում եմ, թե ո՞րն է պատճառը, ի՞նչ չի կարելի անել: Դստերս՝ Արփենի դեպքում վերաբերմունքս մի փոքր այլ է, որովհետև նա աղջիկ է, բայց ես երես առած երեխաներ չեմ սիրում, նրանք պետք է իրենց չափն իմանան: Արփենն այս աշխարհի մարդ է, ինչ ուզում է, փորձում է ստանալ, դեռ նրան շատ բաներ կարելի են, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: