22:45 , 15 մարտ, 2021Չիլիական Ատակամա անապատը համարվում է մոլորակի ամենաչոր վայրը։ Այն գրեթե կյանք չունեցող տեղանք է, որտեղ չեք հանդիպի բույսերի ու կենդանիների։ Սակայն մի քանի տարին մեկ անգամ անապատը ծածկվում է գեղեցիկ ծաղիկներից պատրաստված «գորգով»։ Ինչպե՞ս է դա հնարավոր։
Ատակաման գտնվում է Չիլիի հյուսիսային հատվածում։ Մի կողմից այն շրջափակված է լեռներով, մյուս կողմից՝ Խաղաղ օվկիանոսով։ Քարքարոտ այս վայրում անձրևը հազվագյուտ երևույթ է։ Անապատի հատուկենտ հատվածներում մի քանի տասնյակ տարին մեկ անգամ է անձև տեղում։

Հազվադեպ՝ առավելագույնը 6-7 տարին մեկ անգամ անապատում փոփոխություն է տեղի ունենում. անկենդան վայրը պատվում է ծաղիկներով։ Ծաղկատեսակների թիվը նման ժամանակներում անցնում է 200-ը։ Գիտությանն այս երևույթը հայտնի է «ծաղկող անապատ» անունով և պարբերաբար հանդիպում է աշխարհի տարբեր շրջաններում։ Այն բացատրվում է նրանով, որ որոշակի գործոնների ազդեցության ներքո անապատի տարածքում հանկարծակիորեն փոխվում է կլիման և կարճ ժամանակով բարենպաստ դառնում բույսերի աճի համար։ Կլիմայի փոփոխության պատճառն օվկիանոսի վերին շերտի ջերմաստիճանի ռեժիմը տատանումն է, որը հզոր բնական երևույթ է։

Ստացվում է՝ անապատային տարածքներն ամենևին էլ անկենդան չեն. ավազի հաստ շերտի տակ կան բույսերի սերմեր, որոնք բարենպաստ պայմաններում սկսում են աճել։ Ոչ բոլոր ծաղիկներն են կարող ապրել նման ծայրահեղ պայմաններում. դա անում են միայն էֆեմերներն ու էֆեմերոիդները։ Առաջին տեսակին պատկանում են ընդամենը մեկ ամիս ապրող ծաղիկները։ Երկրորդներն ապրում են բազմաթիվ տաիներ, սակայն քնած վիճակում։

Ծաղկում տեղի է ունենում ոչ միայն Ատակամայում, այլև այլ անապատներում, օրինակ՝ կալիֆորնիական Մահվան արահետում։ Նման ժաանակահատվածում արահետը լցվում է զբոսաշրջիկներով, որոնք ցանկանում են ականատես լինել բնության հրաշքին։