20:30 , 15 մարտ, 202120-րդ դարի կեսերին Նյու Յորքում ի հայտ եկան 1 դոլարանոց արտասովոր թղթադրամներ։ Այն հարցում, որ դրանք կեղծ էին, կասկած չկար, քանի որ թղթադրամի տեսքը բավականին զվարճալի էր։ Ոստիկանությունը սկսեց փնտրել կեղծող մարդուն, սակայն տասը տարի շարունակ գտնել նրան չէր հաջողվում։ Չնայած որ իրական թղթադրամին կեղծ թղթադրամներն արտաքնապես այնքան էլ նման չէին, դրանք մեծ տարածում էին ստացել քաղաքում։
1 դոլարանոց թղթադրամը, որը մի օր ստացած ծխախոտի խանութի վաճառողը, պատրաստված էր էժանագին թղթից, իսկ դրա վրա տառերը անհավասար էին գրված։ Պատկերված Ջորջ Վաշինգտոնն իրեն ամենևին նման չէր, ավելին՝ նրա ազգանունը տառասխալով էր գրված։
Թե ով էր նման կողծ թղթադրամի հեղինակը՝ ոչ մի կերպ չէին կարողանում պարզել։ Միաժամանակ թղթադրամների քանակն աճում էր և դրանք մտնում էին շրջանառության մեջ։ Հետաքրքրական էր, որ կեղծարարը նույն վայրում երկու անգամ կեղծ թղթադրամով վճարում չէր կատարում։ Մարդուն, ում փնտրում էին, պայմանականորեն անվանեցին «միստեր 880»՝ համապատասխան քրեական այն հանցակազմի հոդվածի, որը նրան սպառնում էր։
Էմերիխ Յութները ողջ կյանքի ընթացքում նոր ու հետաքրքիր արկածներ է փնտրել։ Նա աշխատում էր որպես ոսկեզօծ շրջանակների պատրաստող, ֆոտոխցիկի նոր տեսակ էր հայտնագործել, սակայն Kodak ընկերությունը մերժել էր նրա գյուտը։ Յութներն այլ գյուտեր ևս արել է, որոնք, կրկին, չեն ընդունվել տարբեր կազմակերպությունների կողմից։
Երբ 61 տարեկան հասակում տղամարդուն հեռացրին աշխատանքից արդեն տարեց լինելու պատճառով, նա պետք է մտածեր՝ ինչպես շարունակել ապրել։ Տղամարդն աղբ էր հավաքում, որոշ իրեր էժան գնով վաճառում։ Սակայն այդ ամենը բավարար չէր, և Էմերիխը որոշեց վերհիշել այն ունակությունները, որոնք ստացել էր երիտասարդ տարիքում։ Տղամարդն իր ֆոտոխցիկով լուսանկարեց 1 դոլարանոց թղթադրամ, պատկերը տեղափոխեց ցինկե թիթեղի վրա, ապա ձեռքով ամբողջացրեց պատկերի այն հատվածները, որոնք չէին արտատպվել թղթի վրա։ Խոհանոցում տարեց մարդը տեղադրեց իր կողմից պատրաստված տպիչ սարք և անցավ թղթադրամների կեղծման գործին։

Առաջին իսկ օրը, երբ նա սկսեց վճարել նման թղթադրամներով, այդ մասին տեղեկացան հատուկ ծառայությունները։ Սակայն վերջիններս 10 տարի շարունակ չէին կարողանում հայտնաբերել տղամարդուն։ Լիովին պատահաբար, շնորհիվ փողոցի երեխաների, որոնք գտել էին տպիչ սարքն ու մի քանի կեղծ թղթադրամ, ծառայություններն ի վեջո հայտնաբերեցին Յութներին և շատ զարմացան նրա տարիքից։ Հենց տարիքից ելնելով էլ տղամարդուն դատապարտեցին կարճ ժամկետով՝ 1 տարի 1 օր ազատազրկման և տուգանք նշանակեցին 1 դոլարի չափով։
Այս պատմությունն այնքան հայտնի դարձավ, որ Հոլիվուդում անգամ «Միստեր 880» անունով ֆիլմ նկարահանեցին, որն էլ արժանացավ Օսկարի։ Ֆիլմից ստացված եկամուտը հասավ Յութներին, և վերջինս կարողացավ հանգիստ ապրել մնացած կյանքը։