Արցախի նախագահն ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը, քննարկվել են ներքին և արտաքին մարտահրավերներին վերաբերող հարցեր


16:56 , 11 մարտ, 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, և, հիմքում ունենալով ազգային ու պետական շահը, պատրաստ է համագործակցության:

Շնորհակալություն հայտնելով նախագահի արձագանքի համար՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է մի կողմ դնել քաղաքական բոլոր հավակնությունները և ներգրավվել ժողովրդի խնդիրների լուծման կարևոր գործում:

Հանդիպմանը քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերներին վերաբերող հարցեր: