Ի՞նչ դիտել այսօր: «Փոփոխությունների ճանապարհը»


19:00 , 9 օգոստոս, 2013

1997 թվականից հետո երկրորդ անգամ 2008 թվականին Լեոնարդո դի Կապրիոն և Քեյթ Ուիսլեթը միավորվեցին համատեղ ֆիլմի նկարահանումների համար: Անսովոր է տեսնել հոլիվուդյան ֆիլմերի լավագույն զույգին լրիվ այլ միջավայրում: Գեղեցիկ ընտանիք, հարմարավետ տուն, բարձր վարձատրվող աշխատանք: Բայց դա միայն առաջին հայացքից: Ընտանեկան երջանկությունը մթագնում է կնոջ՝ Էյփրիլի հոգեկան անհավասարակշռության պատճառով: Թվում է, թե ի՞նչ է պակասում ընտանեկան այս իդիլիայում, երբ ունես սիրող ու համբերատար ամուսին, երկու հիանալի զավակ, գեղեցիկ կենցաղ: Բայց ոչ, Էյփրիլի մտքով անցնում է տեղափոխվել Փարիզ, որպեսզի ընտանիքը նոր կյանք սկսի: Ամուսինը՝ Ֆրենկը, ում սկզբից դուր չի գալիս կնոջ միտքը, վերջապես համաձայնվում է: Բայց տեղի է ունենում անսպասելին՝ պարզվում է, որ Էյփրիլը հղի է: Կնոջ մոտ սկսվում է հերթական, բայց ավելի խորը դեպրեսիան, որովհետև բալիկը պիտի խանգարեր նրանց տեղափոխվել: Սկսվում է մի իսկական դժոխք, որտեղ անկեղծորեն ցավում ես Ֆրենկի համար և ատելությամբ լցվում Էյփրիլի հանդեպ: Իրավիճակը սրվում է այնքան, որ Ֆրենկի համբերության բաժակը լցվում է, և զույգի միջև տեղի են ունենում սարսափելի վեճեր: Թվում է, թե ողջ ֆիլմում միակ խելքը գլխին հերոսը տանտիրուհու տկարամիտ որդին է: Ֆիլմում մի քանի տեսարան կա, որն ինձ պարզապես հունից հանեց որպես կնոջ և պարզապես որպես մարդ արարածի. այն, որ Էյփրիլը հղի վիճակում ԱՆԸՆԴՀԱՏ ծխում էր, և շրջապատի մարդկանցից ոչ ոք նրան այդպես էլ չի ասում, որ դադարի ծխել և վնասել փոքրիկին: Իսկ երկրորդ տեսարանը, որ ինձ մոտ անկեղծ զզվանք առաջացրեց, Էյփրիլի և հարևան տղամարդու միջև տեղի ունեցած սեռական կապն էր, որը նույնպես անբարոյականության և թուլամորթության կատարյալ դրսևորում էր: Դե աբորտի տեսարանի մասին խոսելն անգամ ավելորդ է: Ամեն դեպքում ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ֆիլմի վերջում սցենարիստը պարզապես հոգնել էր Էյփրիլից և ցանկանում էր որքան հնարավոր է շուտ ազատվել նրանից: Կարծում եմ, որ Էյփրիլի մահն ամենահեշտ բանն էր, որ կարելի էր անել հերոսուհու հետ: Ի՞նչ դաս կարող են քաղել այն ընտանիքները, որոնք գուցե նույնպես նման խնդրի առաջ են կանգնած: Ֆիլմը նայելուց հետո երկար ժամանակ մնում ես դրա տպավորության ներքո և շնորհակալություն ես հայտնում Աստծուն, որ ինքդ այդ իրավիճակում չես հայտնվել: Ամեն դեպքում Դի Կապրիոյի խաղը աչք է շոյում, իսկ Քեյթ Ուինսլեթի խաղը, ինչպես «Տիտանիկում», հասցնում է մի լավ նյարդեր քայքայել:

Կադրեր ֆիլմից՝