Նարեկ Սարգսյանը՝ իր նոր պաշտոնի մասին. Տեսանյութ


16:33 , 9 օգոստոս, 2013

Նարեկ Սարգսյանը՝ իր նոր պաշտոնի մասին (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Այսօր Շինարարի տոնին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև Նարեկ Սարգսյանը, ով երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ: 

Լրագրողների հետ զրույցում Նարեկ Սարգսյանը խոսեց կոմիտեի ստեղծման նպատակներից:

Նա հիշեցրեց, որ նախկինում կար քաղաքաշինության նախարարության ճարտարապետական վարչություն, որը նախկին ճարտարապետների պետական կոմիտեից առանձնացավ և 1995 թվականին մտավ քաղաքաշինության նախարարության մեջ, և հիմա առանձնանում է:

Կոմիտեի գործառույթները կլինեն ճարտարապետությանն առնչվող բազմաթիվ հարցերի վեր հանումը: 

Նարեկ Սարգսյանը հավելեց, որ 15 օրից կոմիտեի լիազորությունները կներկայացվեն կառավարություն:

Նրա խոսքով՝ ժամանակը ցույց տվեց, որ բազմաթիվ հակասություններ են առաջանում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հետ կապված:

«Միայն այն փաստը, որ քաղաքների գլխավոր ճարտարապետներից միայն քսանհինգ տոկոսն ունի ճարտարապետի դիպլոմ (դեռ խոսում եմ դիպլոմների մասին, կարողությունների մասին չեմ խոսում), ինքնին նշանակում է, որ դաշտը տարրալուծվել է և նորմալ չի կառավարվում»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում բոլոր գլխավոր ճարտարապետները ենթարկվում էին ճարտարապետների պետական կոմիտեին՝ պետշինին: 

«Շատ խնդիրներ կան, որ կառավարության տարբեր գերատեսչությունների մոտ տարաձայնություններ կարող են առաջացնել, և կոմիտեն կարող է լիարժեք համակարգել և իր մասնագիտական խորհուրդներով օգտակար լինել»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Բացի այդ, նա նշեց, որ քաղաքները չունեն քաղաքաշինական կանոնադրություն, և կարևորեց կանոնադրության խնդրի լուծումը: 

Իսկ այն, որ արդեն իր ընդդիմախոսները հավատ չեն ընծայում, թե փոփոխություն կլինի, Նարեկ Սարգսյանը ասաց նորմալ համարեց՝ ասելով, որ ընդդիմախոսներ պետք է լինեն, իսկ մնացածը աշխատանքը և կյանքը ցույց կտան:

Իսկ թե ինչու իրեն նշանակեցին այդ պաշտոնին, նրա խոսքով՝ այդ հարցը իրեն չպետք է ուղղեն: