Ալ-Ասադի` ասպարեզից հեռացումը կարող է սիրիական ճգնաժամի լուծման փոխզիջումային հնարավորություններ ստեղծել


16:05 , 9 օգոստոս, 2013

Օգոստոսի 8-ին պանարաբական «Ալ-Արաբիա» լրատվական հեռուստաալիքը տեղեկատվություն հաղորդեց՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ավտոշարասյան վրա հակակառավարական ուժերի կողմից հարձակում իրականացնելու մասին: ՍԱՀ նախագահն ուղևորվում էր Դամասկոսի Ալ-Մալիքի թաղամասի Անաս Ալ-Մալիք մզկիթը՝ մասնակցելու մուսուլմանական «Ֆիտր» տոնի առաջին օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը։ Իհարկե, սիրիական պետական լրատվամիջոցների և ՍԱՀ տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբիի կողմից անմիջապես հերքվեց վերոնշյալ տեղեկատվությունը։ Իհարկե, այսօրինակ լուրերը եզակի չեն սիրիական վարչակարգի դեմ «պատերազմ հայտարարած» մի շարք արաբական և արևմտյան լրատվամիջոցների համար․ «Ալ-Արաբիան» այդ ցուցակի առաջատարներից է։ Նախկինում էլ նման «հարձակումների», հաջողված կամ ձախողված մահափորձերի մասին ապատեղեկատվություն կամ խիստ ուռճացված լուրեր տարածվել են՝ կապված նույն Բաշար Ալ-Ասադի, փոխնախագահ Ֆարուկ Ալ-Շաարայի, նախագահի մերձավոր շրջապատի, ընտանիքի անդամների ՍԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ. նման բնույթի լուրերը տեղավորվում են սիրիական ճգնաժամի տեղեկատվական-քարոզչական, նաև հոգեբանական հարթությունների շրջանակներում: Որպես կանոն, դրանք ունենում են նպատակային, ժամանակային և իրավիճակային հստակ ուղղվածություն։ Ավելի վաղ՝ ասենք սիրիական ճգնաժամի սկզբնական փուլում, այդպիսի բնույթի տեղեկատվություն տարածվում էր ուրբաթօրյա աղոթքներին համընթաց, հետո՝ վարչակարգի հակառակորդների կողմից իրականացվող որևէ հանգուցային գործողությանը զուգընթաց և այլն։ Տվյալ դեպքի հետ կապված՝ իհարկե, չի կարելի բացառել նաև նման գործողությունների հավանականությունն ու տեղեկատվության ճշմարտացիությունը՝ պայմանավորված նախ և առաջ Սիրիայում և նրանից դուրս ստեղծված փակուղային իրավիճակով։ Սակայն, ներկայում ՍԱՀ նախագահի անվտանգությունը հասցված է բարձրագույն մակարդակի, նրա տեղաշարժման ուղղությունները պահվում են հույժ գաղտնի, և պատահական չէ, որ մինչև վերջին պահը չէր հրապարակվում այն մզկիթը, որտեղ նախագահը մասնակցելու էր «Իդ Ալ-Ֆիտրի» տոնակատարությանը։ Ավելին, նախապես տեղեկատվություն էր շրջանառվում անգամ Հոմս կամ Համա քաղաքներ նախագահի այցելության մասին։ Իսկ ընդհանուր առմամբ, առկա արտաքին և ներքին հանգամանքների պայմաններում ուշագրավ է ոչ միայն ՍԱՀ նախագահի դեմ հարձակման, մահափորձի մասին խոսելն, այլ ընդհանրապես՝ Ալ-Ասադի՝ ասպարեզից հեռացման երևույթի հնարավորության և արդիականության մասին խորհելը․․․ Սիրիայում օրեցօր խորացող անվերահսկելի և պատային իրավիճակում, թերևս, Բաշար Ալ-Ասադի արտաքին հակառակորդներին սեփական դեմքը փրկելու հաշված տարբերակներից մեկը դա է մնում․ չէ՞ որ արդեն 2.5 տարի է, ինչ սիրիացի ժողովրդի արևմտյան և տարածաշրջանային «բարեկամները» շարունակ պնդում են ՍԱՀ նախագահի ոչ լեգիտիմության, նրա հեռանալուն այլընտրանքի բացակայության մասին: Հետևաբար, միամտություն կլինի կարծելը, թե հնարավոր է այդքան հեշտությամբ մոռացության տալ աշխարհի մի շարք առաջատար պետությունների ամբիցիոզ արտաքին քաղաքական նկրտումները. ի՞նչ պատասխան պետք է տան այս տերությունների իշխող էլիտաները միջազգային հանրությանը և սեփական հասարակություններին, ինչո՞վ կամ ինչպե՞ս պետք է բացատրեն կամ արդարացնեն այդ տևական ժամանակահատվածում սիրիական հարցում իրենց դիրքորոշման, գործողությունների կամ անգործության սխալականությունը: Թերևս, ավելի դյուրին կլինի ՍԱՀ նախագահի դեմ մահափորձի կազմակերպումն, ասենք, սեփական «թիկնապահի» կամ՝ որևէ «ազգականի» ձեռքով: Իսկ Բաշար Ալ-Ասադի արտաքին հակառակորդների օրակարգում նախագահին հեռացնելու ծրագրերի առկայության մասին փաստում է գոնե ամիսներ առաջ սիրիական անվտանգության կառույցների կողմից ՍԱՀ նախագահի և ԱԳ նախարարի դեմ նախապատրաստվող հարձակման կանխումը. այն ծրագրվել էր ֆրանսիական և թուրքական հատուկ ծառայությունների կողմից և իրականացվելու էր գրասենյակային մաքրությամբ զբաղվող ընկերության աշխատակիցների միջոցով։ Մյուս կողմից, թվում է, թե Ալ-Ասադի՝ սեփական կամքով կամ ակամա, ասպարեզից հեռացումը կարող է սիրիական ճգնաժամի լուծման փոխզիջումային հնարավորություններ ստեղծել՝ գոնե Սիրիայից դուրս։ Թերևս, Ասադի հեռացման տարբերակն առավել օրհասական կարող է դառնալ, երբ վերջնականապես ի դերև կելնեն քաղաքական ճանապարհով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակները։ Իսկ ներկայում դա «Ժնև-2» միջազգային համաժողովն է, որի կազմակերպման ժամկետները նախանշվում են սեպտեմբերի երկրորդ կեսին և ոչ թե շվեյցարական համանուն քաղաքում, այլ՝ ՄԱԿ-ի նյույորքյան նստավայրում։