Armsport.am-ը գրում է.
Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ մեծ նվաճումներ ունեն նաև կին մարզիկները: Ստորև ներկայացնում ենք կին մարզիկներին, ովքեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոսկե մեդալակիր են դարձել մեծահասակների Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում:
Երջանիկ Ավետիսյան - Ստենդային հրաձգության աշխարհի բազմակի չեմպիոն ու գավաթակիր
Միջազգային մակարդակով առաջին մեծ հաջողությունն արձանագրել է հրաձիգ Երջանիկ Ավետիսյանը՝ 1992 թվականին: Ստամբուլում կայացած ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալներ՝ ինչպես անհատական պայքարում, այնպես էլ ԱՊՀ Միավորված թիմի կազմում: 1993-1994 թվականներին նա հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո: 1994 թվականին Ավետիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն և աշխարհի չեմպիոն անհատական պայքարում:
1995 թվականից Երջանիկ Ավետիսյանը միջազգային մրցումներում ներկայացրել է Ռուսաստանը: 1999 թվականին Տամպերեում կայացած ստենդային հրաձգության աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալներ է նվաճել ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցումներում: 2000 թվականին, երբ կանանց կլոր ստենդի մրցումներն առաջին անգամ մտան օլիմպիական խաղերի ծրագիր, նա մասնակցեց Սիդնեի Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 6-րդ տեղը: Երրորդ երեխայի ծնվելու հետ կապված որոշակի դադարից հետո 2006 թվականին Երջանիկը վերսկսեց մարզական կարիերան և անհատական պայքարում երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Նույն թվականին նրան հաջողվեց սահմանել Ռուսաստանի ռեկորդ և կրկնել համաշխարհային ռեկորդը:
Չնայած այս նվաճումներին, Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը Երջանիկ Ավետիսյանին չընդգրկեց ՕԽ-ի մասնակիցների կազմում, և նա որոշեց վերադառնալ հայրենիք և կրկին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Չստանալով Ռուսաստանի հրաձգային միության՝ Հայաստանը ներկայացնելու համաձայնությունը, նա ստիպված էր երկու տարի բաց թողնել, որպես «կարանտին»: Մրցակցային պրակտիկայի բացակայության պատճառով նա չկարողացավ հաջող հանդես գալ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մնացած վարկանիշային մրցաշարերում և նվաճել այդ մրցաշարի ուղեգիր: Այնուամենայնիվ, արդեն 2012 թվականին նա կրկին հասավ բարձր արդյունքների և անհատական հաշվարկում նվաճեց Լառնակայում անցկացված ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:
Նազիկ Ավդալյան – Ծանրամարտի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն
Նազիկ Ավդալյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 31-ին Գյումրիում: 2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարի Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հայ ծանրորդուհին ավտովթարից հետո երկար ժամանակ հետվիրահատական շրջանից հետո վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել 2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ նվաճել է չեմպիոնի կոչումը։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը:
Հռիփսիմե Խուրշուդյան - Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Ծնվել է 1987 թվականի հուլիսի 27-ին։ Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (2007), աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (2007), Եվրոպայի չեմպիոն, 75կգ (2007), Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 75կգ (2006, 2009):
2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք:
Նշենք, որ շարքում ներառված են միայն մեծահասակների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալ նվաճած կին մարզիկները: Տարբեր մարզաձևերում Հայաստանը ներկայացնող աղջիկ մարզիկները մեծ նվաճումների են հասել նաև պատանիների ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև թիմային մրցաշարերում: Օգտվելով առիթից շնորհավորում ենք մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչ մարզիկներին՝ կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով մեծ երջանկություն ու հաղթանակներ սպորտում: