Հսկայական մագելանյան աստղադիտակը մարդկությանը թույլ կտա դառնալ տիեզերքի կազմավորման վկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ


16:06 , 9 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Հսկայական մագելանյան աստղադիտակը (ՀՄԱ) կոչված է դառնալու երբևէ ստեղծված խոշորագույն վերգետնյա աստղադիտակը: Այն թույլ կտա գիտնականներին ուսումնասիրել իրենց հետաքրքրող ոլորտներն աննախադեպ մանրակրկիտ մակարդակով: Նոր աստղադիտակը կկարողանա ցույց տալ տիեզերքը մոտ 10 անգամ ավելի մեծ խտությամբ, քան Hubble ուղեծրային աստղադիտակը: Այն կտեղադրվի չիլիական Ատակամա անապատում, շինարարությունը կավարտվի 2020թ-ին:

Hi-News.ru-ի փոխանցմամբ՝ 22-հարկանի շենքի բարձրություն ունեցող նոր աստղադիտակի հիմնական հատկությունը կդառնան նրա յոթ հատ 20-տաննա կշռող իդեալական հայելիները: Նրանցից երկուսն արդեն ձուլվել են: Առաջին հայելու ստեղծման աշխատանքներն ավարտվել էին դեռ 2005թ-ին, երկրորդը ձուլվել է 2012թ-ին, երրորդի ստեղծման աշխատանքները կավարտվեն այս ամիս, իսկ չորրորդը՝ 2014թ-ին: Մյուս հայելիների մասին առայժմ, ցավոք, ոչինչ չի հայտնվում:

«Մենք պետք է ստեղծենք այնպիսի բարձրորակ ու ճշգրիտ օպտիկա, որը թույլ կտա մեզ բռնել այն լույսի ալիքները, որոնք անցել են 5-10 մլրդ լուսատարի տարածություն և չկորցնել այն տեղեկատվությունը, որն այդքան երկար ճանապարհ է անցել մեզ հասնելու համար»,- ասում է Հսկայական մագելանյան աստղադիտակի նախագծի տնօրեն, դոկտոր Պետ Մակկարտին: ՀՄԱ-ի խումբը վստահ է, որ աստղադիտակը կկարողանա լիավին վերադաձնել իր վրա կատարված բոլոր ծախսերը: Դոկտոր Վենդի Ֆրիդմանը՝ ծրագրի ղեկավարներից մեկը, ասում է.

«Միայն պատկերացրեք, որ մենք կկարողանանք դառնալ առաջին գալակտիկաների, առաջին գերնոր աստղերի, առաջին սև անցքերի ձևավորման վկան և տեսնել ողջ այն Տիեզերքը, որում մենք ապրում ենք հիմա ու կապրենք հետագայում»: