Հայ-թուրքական սահմանի «ականապատում»


15:16 , 9 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, թողնելով դեսպանի պաշտոնը, աշխույժ գործունեություն է ծավալել Հայաստանի ներկայիս ու ապագայի վերաբերյալ դատողություններ հրապարակելու առումով: Նա հանդես է գալիս տարբեր լրատվամիջոցների էջերում, ընդհանուր առմամբ փորձելով ստեղծել Հայաստանի եվրոպական ճանապարհի բացասական մթնոլորտ:

Օրերս էլ, Կովալենկոն իր հերթական ելույթի ընթացքում անդրադարձել էր խնդրին: Նա հայտարարել է, որ կա տեղեկություն, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեքստում, որը կողմերը պատրաստվում են նախաստորագրել նոյեմբերին, առկա է արտաքին քաղաքական հարցերն ու սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերը Եվրամիության հետ համակարգելու դրույթ:

Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Եվրամիությունը Հայաստանի ցանկությամբ փակ են պահում համաձայնագրի տեքստը: Այդ իմաստով, իհարկե ինչ ասես կարելի է ասել՝ թե կա այսպիսի կամ այնպիսի դրույթ: Բայց, ՌԴ նախկին դեսպանն իսկապես հետաքրքիր հարց է բարձրացնում՝ բավական հետաքրքրական ժամանակահատվածում:

Բնական է, որ սահմանների պաշտպանության մասին խոսելով, նա առաջին հերթին նկատի ունի հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանները, որոնք ներկայում հսկում է Ռուսաստանը՝ որպես «ԱՊՀ սահման»: Օրերս հայ-թուրքական սահմանում տեղի ունեցավ միջադեպ՝ ռուս սահմանապահները գնդակահարել էին սահմանախախտ թուրք չոբանի: Թուրքիան հայտարարել էր, որ չոբանն անզեն է եղել: Ռուս սահմանապահները նշել էին, որ նա կրակել է իրենց վրա: Առայժմ սակայն ներկայացված չէ, թե ինչ զենքով է կրակել եւ ուր է զենքը: Մինչ այդ, հայ-թուրքական սահմանին չոբանների խախտումները «սովորական» բան են եղել եւ չեն ավարտվել գնդակահարություններով:

Ահա այդ միջադեպից հետո, Ռուսաստանի նախկին դեսպանի միջոցով շրջանառության մեջ է դրվում, որ Ասոցացման համաձայնագիրը պարունակում է սահմանների պաշտպանության հարցերը Եվրամիության հետ համակարգելու դրույթ: Սա իհարկե շատ ընդհանուր ձեւակերպում է, որովհետեւ սահմանային ընթացակարգ է նաեւ մաքսատունը: Ինչպես հայտնի է, Ասոցացման համաձայնագիրը ներառում է նաեւ Խորը եւ Համապարձակ Ազատ առեւտրի մասին պայմանագիր, ինչն ուղղակի առնչություն ունի մաքսային ոլորտի հետ: Բնականաբար, առնվազն տարօրինակ կլիներ, եթե սահմանային ընթացակարգերն առնվազն այդ մասով չհիշատակվեին Ասոցացման համաձայնագրում:

Բայց, Կովալենկոյի շուրթերով, Մոսկվան բնականաբար անհանգստանում է քաղաքական հեռանկարից, մտավախություն ունենալով, որ Ասոցացման գործընթացը հետագայում կարող է վեր հանել նաեւ Հայաստանի սահմանների հսկողությունից կամ պահպանությունից երրորդ երկրի ներկայացուցիչների հեռացման հարցը: Եվրամիությունն առայժմ որեւէ բան չի խոսել այդ մասին՝ անգամ ակնարկների մակարդակով:

Հասկանալի է, որ դա շատ նուրբ խնդիր է, որովհետեւ ունի լուրջ քաղաքական հետեւանք ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի համար:

Այդ համատեքստում, հայ-թուրքական սահմանին օրերս արձանագրված միջադեպը հետաքրքրական երանգ է ստանում: Այդ միջադեպին Հայաստանի արտգործնախարարությունը բավական զուսպ եւ մեղմ արձագանքեց, թուրքական կողմին ցավ հայտնելով կատարվածի վերաբերյալ եւ հույս հայտնելով, որ այլեւս այդպիսի բան չի կրկնվի: Սա շատ անորոշ արձագանք էր, որովհետեւ պարզ չէ՝ մահն էր ցավալի, թե սահմանի խախտումը: Երեւանն ակնհայտորեն փորձեց լիցքաթափել իրավիճակը:

Բայց, ակնհայտ է, որ այդ տեսանկյունից ի հայտ է եկել մի հանգամանք, որը կարող է ամեն պահի ունենալ զարգացում: Կատարվում է քննություն, եւ այդ ընթացքում կարող են ի հայտ գալ տարբեր բաներ, որ ասենք չոբանը եղել է ոչ թե չոբան, այլ թուրքական հատուկ ծառայության ներկայացուցիչ, կամ դիվերսանտ, կամ ահաբեկիչ, ընդ որում՝ քուրդ ահաբեկիչ:

Օրերս, Իրաքում տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության պատվիրակության եւ Քուրդիստանի կառավարության արտաքին գործերի նախարարի հանդիպումը, որի ընթացքում խոսվել է մինչեւ անգամ Քուրդիստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորության մասին:

Հայ-քրդական այդ շփումները բավական հետաքրքրական ու անակնկալ զարգացում են, ինչն անկասկած հանդիսանում է տարածարջանային գործընթացների արտացոլումներից մեկը: Հայ-թուրքական սահմանային միջադեպը կարող է հանդիսանալ այդ ուղղությամբ նետվող մի քար, որով շահագրգռված կողմերի պակաս չի լինի թե Անկարայում, Մոսկվայում: Այնպես որ, սահմանային միջադեպի քննությունը այս տեսանկյունից կարող է «պահվել» անհրաժեշտ պահի համար: Ի դեպ, այդ պատճառով, Երեւանի համար շատ կարեւոր է, որ միջադեպի հնարավորինս արագ լիարժեք բացահայտում լինի, հետագայում այն Երեւանի որեւէ ճանապարհին որպես ական ծառայեցնելու հնարավորությունը բացառելու համար: Եթե այնտեղ ական կա, ապա պետք է պայթեցնել հնարավորինս արագ:

Հայ-թուրքական սահմանի լարվածությունն է, որ հանդիսանում է այնտեղ ռուսական սահմանապահների երկարակեցության երաշխիք: Այդ իմաստով, հավանաբար պատահական չէ, որ ռուսական կողմը նախկին դեսպանի միջոցով սահմանների հարցը բարձրացնում է միջադեպից անմիջապես հետո: Այդ մթնոլորտում առկա քննարկումներում առաջնային է դառնում անվտանգության խնդիրը, որը շրջանառելը նպաստավոր է դառնում հատկապես Հայաստանի հանրային շրջանակներում տարածված կարծրատիպերի շնորհիվ՝ որ թուրքական սահմանից անվտանգության ռիսկերը Հայաստանի համար կարող է չեզոքացնել միմիայն Ռուսաստանը:

Մյուս կողմից, հասարակության կարծրատիպային մոտեցումները փոխել կարող են միայն սահմանային անվտանգության երաշխիքները Եվրոպայից, եւ եթե Եվրամիությունը Հայաստանի հետ իսկապես ծրագրում է քննարկել սահմանից երրորդ պետության հեռացման խնդիրը, ապա դա ենթադրում է Հայաստանի հասարակությանն անվտանգության առարկայական, հստակ երաշխիքների տրամադրում: Դա կարեւոր է ոչ միայն հանրային կարծրատիպերը չեզոքացնելու եւ խնդիրը մանիպուլյատիվ գործընթացներից պրագմատիկ դաշտ տեղափոխելու համար, այլ որովհետեւ թուրքական սպառնալիքը Հայաստանի պետականության համար մշտապես առկա խնդիր է, եւ Հայաստանի հետ գործընկերային հարաբերության ձգտող որեւէ սուբյեկտ պարտավոր է ի թիվս այլ հարցերի, Հայաստանի հասարակությանը սպառիչ առաջարկներ ներկայացնել նաեւ այդ մասով: