Հայաստանի աղքատ «հպարտ» քաղաքացին


00:34 , 7 մարտ, 2021

168.am-ը գրում է․

Լուսավոր Հայաստանի հպարտ քաղաքացուց այլևս ոչինչ չի մնացել։ Հիմա հպարտ քաղաքացին, ում թվում էր, թե Նիկոլ Փաշինյանին  իշխանության բերելով՝ լուծում է իր բոլոր խնդիրները, խնդիրներ, որի մեղավորը նախկիններն էին, մնացել է մենակ իր հոգսերի հետ։ Իշխանությունն իր գլխի ճարն է տեսնում, իսկ Լուսավոր Հայաստանի հպարտ քաղաքացին բռնել է աղքատության ու արտագաղթի ճանապարհը։

Մոտենում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 3 տարին։ Այդ 3 տարիներն ավարտվում են նրանով, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը հայտնվել է սարսափելի մեծ արհավիրքի մեջ՝ մարդկային ու տարածքային ահավոր կորուստներով։ Ոչ մի տեղ ոչ մի լուսավոր կետ չի երևում։

Լուսավոր Հայաստանի հույսերով ապրող քաղաքացուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տվեց այն, որ 3 տարի հետո Հայաստանի տնտեսական ու սոցիալական կյանքը վերադարձել է այնտեղ, որտեղից սկսվեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այն Նիկոլ Փաշինյանի, որը նախկիններին մեղադրում էր սեփական շահն առաջ տանելու և ժողովրդի հոգսերին դարման չանելու համար։

Նիկոլ Փաշինյանի իշխանության երրորդ տարում Հայաստանի տնտեսությունը գտնվում է խորը թմբիրի մեջ։ Ոչ մի հույս չկա, որ հնարավոր կլինի կարճ ժամանակում վերադարձնել տնտեսության կորուստները և տեսանելի զարգացում ապահովել։ Տնտեսական աճի այն սցենարը, որն իշխանությունը դրել է առաջիկա սպասումների հիմքում, մեզ ոչ մի կերպ չի տանում Լուսավոր Հայաստան։ Հիմա Հայաստանի երբեմնի հպարտ քաղաքացին գնալով խրվում է աղքատության ճիրաներում։

Թեև այլ բան չէր էլ կարող լինել մի երկրում, որտեղ տնտեսությունը վերջին 12-13 տարիների կտրվածքով ամենաբարձր անկումն է արձանագրել։ Նույնիսկ տնտեսական աճերը շատ դեպքերում ոչինչ չեն ավելացնում քաղաքացու եկամուտներին, էլ ուր մնաց թե՝ նման անկումը։ Իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի տնտեսությունը հնարավորինս խորն ընկղմվի ճահիճը։

Զարմանալի չէ, որ անցած տարվա արդյունքներով մեր տնտեսության անկումը հասավ առավելագույնի. Վրաստանում այն կազմեց 5,5 տոկոս, Ռուսաստանում՝ 3,1 տոկոս, Ադրբեջանում՝ 4,3 տոկոս, իսկ Հայաստանում գերազանցեց 7,6 տոկոսը։ Պատճառները պետք է փնտրել ոչ թե համավարակի ու ղարաբաղյան պատերազմի, այլ նախորդ տարիներին իրականացված կամ չիրականացված տնտեսական քաղաքականության մեջ։

Մինչև հիմա էլ պարզ չէ, թե որն է Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Մշակող արդյունաբերությունը զարգացնելու, տնտեսության կառուցվածքը փոխելու, ընդերքը քանդել-ծախելուց հրաժարվելու լոզունգների վրա գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանն անում է ճիշտ հակառակը։ Մշակող արդյունաբերության հաշվին տնտեսության կառուցվածքը փոխելու մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Մշակող արդյունաբերությունը կորցրել է իր կշիռը։ Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը նվազել է։

Միակը և անփոխարինելին, որը թույլ է տվել տնտեսության իրական հատվածն ինչ-որ չափով պահել ջրի երեսին, ընդերքն է։ Այն ընդերքը, որը Նիկոլ Փաշինյանը եկել էր փրկելու նախկիններից։ Փրկելու փոխարեն՝ ինքն է անխնա շահագործում։

Հիմա էլ որոշել են տնտեսությունն արտադրական կանեփի հաշվին զարգացնել։

«Այստեղ մենք հնարավորություն ունենք լայնորեն օգտագործելու համաշխարհային, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի փորձը՝ մեր տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա ապահովելու, ներդրողների համար գրավչություն ստեղծելու տեսանկյունից: Թերևս, անժխտելի է աշխարհում արտադրական կանեփի նկատմամբ պահանջարկի աճը: Եթե աշխարհում 2016թ. դրա վաճառքը կազմել է 2,76 մլրդ դոլար, ապա 2020թ.՝ 5,76 մլրդ դոլար։  2027թ. ակնկալվում է, որ վաճառքը հասնելու է 15,26 մլրդ դոլարի: Համաշխարհային տնտեսության այդ ոլորտ մուտք գործելն էական նշանակություն կունենա Հայաստանի տնտեսության համար»,- ասում է երկրի փոխվարչապետը:

Հավանաբար շատերը կհիշեն, թե համավարակի սկզբնական փուլում էլ ինչ էր ասում վարչապետը՝ համաշխարհային շուկաներում առաջացած բացերը հայկական ապրանքներով լցնելու մասին։ Ընդամենը 10-12 մլրդ դոլարի ՀՆԱ ունեցող երկրի վարչապետը խոսում էր համաշխարհային շուկայում 30 մլրդ դոլարի արտահանում իրականացնելու մասին։

Ուղղակի արձանագրենք, որ անցած տարի մեր արտահանումը կազմեց հազիվ 2,5 մլրդ դոլար՝ ոչ միայն չաճելով, այլև՝ նվազելով։ Այս տարվա սկզբին էլ արտահանման ոլորտում ունենք ավելի քան 10 տոկոս անկում։

Այսպես էլ ուզում ենք համաշխարհային շուկաներում նոր տարածքներ նվաճել։

Լուրջ չէ։ Այնպես, ինչպես լուրջ չէ կանեփ աճեցնելով տնտեսություն զարգացնելը կամ համաշխարհային շուկայում տեղ զբաղեցնելը։ Կապ չունի, որ համաշխարհային շուկայում տարածքներ են ազատվել։ Այդ տարածքները հաստատ կանեփով չենք կարող լցնել։

Այսպիսին են, ահա, մեր իշխանությունների պատկերացումները տնտեսության ու տնտեսություն զարգացնելու վերաբերյալ։ Զարմանալի չէ, որ ամեն ինչ ավելի վատ է, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել 1 կամ 2 տարի առաջ։

Երկիրը նստել է պարտքերի վրա ու ստիպված է պարտք վերցնել ոչ թե՝ տնտեսություն զարգացնելու, տնտեսական ծրագիր իրականացնելու կամ ճանապարհ կառուցելու, այլ՝ սպառողական խնդիր լուծելու համար։ Պարտք ենք վերցնում, որպեսզի մարդկանց հացի փող կարողանանք վճարել։

Շատ վաղուց Հայաստանը սպառողական նպատակով պարտքեր չէր վերցնում։ Հիմա մնացել ենք դրա հույսին։

Չնայած դա էլ փրկություն չէ՝ այսօրվա թանկացումների պայմաններում։ Պատահական չէ, որ երկիրը գնում է համատարած աղքատացման ճանապարհով։

Աղքատության վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները շատ ավելի ուշ կլինեն, բայց փորձագիտական գնահատականները ոչ մի լավ բան չեն հուշում։ Թեպետ առանց դրանց էլ ամեն ինչ պարզ է. ամենուրեք թանկացումներ են, մեծացել է հարկային ճնշումը, իսկ եկամուտների ավելացման մասին խոսք չկա։

Հասարակության աղքատացումն ուղեկցվում է զանգվածային արտագաղթով։ Մարդիկ լքում են երկիրը, մի մասը՝ անվերադարձ։

Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ Հայաստանի հպարտ քաղաքացին կանգնած է ոչ միայն աղքատության, այլև անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջ։ Ու այդ խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ