22:45 , 6 մարտ, 2021Հայկական ծագում ունեցող ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ռիչարդ Կասպար Սարաֆյանը ծնվել է 1930 թ. Նյու Յորքում։ Սովորել է Նյու Յորքի համալսարանում, սցենարի և ռեժիսուրայի կուրսեր անցել։ Կորեական պատերազմի տարիներին ռազմական թղթակից էր։
Մի անգամ Միսուրի նահանգի Կանզաս-սիթիում Ռիչարդ Սարաֆյանը ծանոթացավ Ռոբերտ Օլթմենի հետ, ով հետագայում դարձավ Նոր Հոլիվուդի խոշորագույն ռեժիսորներից մեկը, ինչպես նաև ԱՄՆ-ում «մեծ եռյակի» բոլոր մրցանակների միակ կրողը։
Սարաֆյանը և Օլթմենն ընկերացան։ Միասին նրանք աշխատում էին փաստավավերագրական ֆիլմերի վրա։ Տեղի թատրոնի բեմում Օլթմենը ներկայացում կազմակերպեց, որին մասնակցում էր նաև Սարաֆյանը։ 1960-ականների սկզբին Սարաֆյանն աշխատում էր հեռուստատեսային արտադրության ոլորտում՝ որպես Օլթմենի օգնական, ապա սկսեց ինքնուրույն զբաղվել ռեժիսուրայով։
1959 թ. աշնանը հեռուստաեթեր դուրս եկավ «The Twilight Zone» գիտաֆանտաստիկ սերիալի առաջին սերիան, որը մեծ հաջողություն գրանցեց ինչպես հեռուստադիտողի, այնպես էլ կինոքննադատների շրջանում։ Սերիալը մեծ ազդեցություն ունեցավ ամերիկյան կինոֆանտաստիկայի վրա։ Սերիալի ստեղծողը Ռոդ Սերլինգն էր՝ սցենարիստ, դրամատուրգ, հեռուստատեսային պրոդյուսեր։ Սերիալի ամենահիշարժան սերիաներից մեկը «Կենդանի տիկնիկն» էր՝ 5-րդ եթերաշրջանի 6-րդ էպիզոդը։ Այն էկրան էր դուրս եկել 1963 թ. և ռեժիսոը Ռիչարդ Սարաֆյանն էր։ Այսպես, «Կենդանի տիկնիկը» դարձավ նրա առաջին ամենահայտնի աշխատանքերից մեկը։

«Կենդանի տիկնիկը» էպիզոդում պատմվում է Տինա անունով սարսափելի խոսող տիկնիկի մասին։ Սյուժեն պարզ է. մայրը դստերըտիկնիկ է նվիրում, ոը դառնում է վերջինիս սիրելին։ Երեխայի խորթ հայրը, սակայն, տիկնիկի հետ սենյակում մնալիս անդադար լսում է արտասովոր արտահայտություններ՝ «Ես ատում եմ քեզ», «Ես կսպանեմ քեզ»։ Տղամարդը վստահ է, որ ամենի հետևում կանգնած է կինը, սակայն վերջինս հերքում է դա։ Հայրը փորձում է ազատվել տիկնիկից, սակայն այն պատրաստվում է իր սպանալիքներն իրականություն դարձնել...»։

1960-ականներին Ռիչարդ Սարաֆյանը հիմնականում աշխատում էր տարբեր սերիալների վրա՝ «Մեծ արահետ», «Ես լրտես եմ», «Վայրի, վայրի Արևմուտք», «Բեթմեն» և այլն։ 1965 թ. նա նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Էնդի» դրաման։
Ռիչարդ Սարաֆյանի ամենահաջողված լիամետրաժ ֆիլմը «Վերացող կետն» էր։ Քվենտին Տարանտինոն իր «Մահվան ապացույց» ֆիլմում շնորհակալություն է հայտնել Սարաֆյանին ֆիլմի համար։
Ռիչարդ Սարաֆյանն ամուսնացած էր Հելեն Ջուան Օլթմենի հետ՝ Ռոբերտ Օլթմենի քրոջ։ Նրանք ունեին հինգ երեխա՝ չորս որդի և մեկ դուստր։ Բոլոր զավակները շարունակել են հոր ճանապարհը և սկսել աշխատել կինոյի բնագավառում։
Հայազգի մեծանուն արվեստագետը մահացել է 2013 թ. Կալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքում։