Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել


13:51 , 5 մարտ, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն: